ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամփոփվեցին «Մանկության ժամանակակից հիմնախնդիրները» մրցույթի արդյունքները
02.06.2021
Ամփոփվեցին «Մանկության ժամանակակից հիմնախնդիրները» մրցույթի արդյունքները

Արդեն 9-րդ տարին է ՀՊՄՀ մանկավարժության ամբիոնն ու Մանկության հիմնախնդիրների լաբորատորիան համատեղ անցկացնում է մանկության հիմնախնդիրներին վերաբերող քարոզ-մրցույթ:

Այս տարի ևս այն անցկացվեց առցանց ձևաչափով: Մրցույթի մասնակցության հայտ էին ներկայացրել բուհի 6 ֆակուլտետից 42 ուսանող. ընտրվել էր ծնողներին, ուսուցիչներին, հասարակությանն ուղղված 13 աշխատանք:

Մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը ողջունեց մրցույթի մասսնակիցներին, իսկ հանձնաժողովի անդամներին հորդորեց ներկայացվող աշխատանքներում կարևորել քարոզ-կոչի բովանդակության համապատասխանությունը թեմային, ինչպես նաև քարոզողի՝ հռետորական արվեստին տիրապետելու մակարդակը՝ լսարանի վրա ազդելու, ունկնդիրներին հուզելու կարողությունը, մանկավարժական մտածելակերպի և բառապաշարի առկայությունը։

Ուսանողներն իրենց աշխատանքներում անդրադարձել էին կենցաղում ու առօրյայում հանդիպող ամենաէական խնդիրներին՝ դրանք ձևակերպելով որպես քարոզներ, մեծերի ուշադրությունը փորձելով կենտրանացնել գոյություն ունեցող մանկության խնդիրների և դրանց լուծման ուղիների վրա: Ապագա մանկավարժներն այն կարծիքնին են, որ պետք է միշտ լինել երեխայի կողքին, օգնել իրականացնել երազանքները,իսկ շատ դեպքերում տեխնոլոգիաները ծնողների ուշադրությունը շեղել են՝ երեխաներին թողնելով այդ ուշադրությունից դուրս: Քարոզներում կարևորվեցին նաև երեխային գովաբանելու, նրան ժամանակը նվիրելու, չնվաստացնելու և նրա հետ ընկերանալու անհարեշտությունը: Մրցույթի մասնակիցները վստահ են` 21-րդ դարի մարտահրավերների թիրախում երեխաներն են, իսկ «չապրած մանկությունը մղձավանջից էլ վատ է»:

Մրցույթի ավարտին հանձնաժողովն ամփոփեց արդյունքները. 2-րդ տեղին արժանացան Օտար լեզուների ֆակուլտետի ուսանողուհիներ Էլեն Խալաթյանն ու Արմինե Թաթոյան ը, իսկ 3-րդ տեղում էին Սկզբնական կրթության ֆակուլտետից Սուսաննա Եղիազարյանը, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետից Անահիտ Բաղդասարյանը և Գեղարվեստական կրթության ֆակուլտետից Անահիտ Ադամյանը: Հանձնաժողովի որոշմամբ` աշխատանքներից որևէ մեկը չէր հավակնում առաջին տեղին: Նրանք հուսով են, որ տարեցտարի ուսանողական քարոզները կլինեն ավելի արդիական ու կմատնանշեն առավել կարևոր հիմնախնդիրներ: