ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամուր գծանկար, պինդ գույն՝ Ֆաենբերգ Սարգսյանի ստեղծագործություններում
04.09.2018
Ամուր գծանկար, պինդ գույն՝ Ֆաենբերգ Սարգսյանի ստեղծագործություններում

Հայաստանի նկարիչների միությունում բացվեց Մանկավարժական համալսարանի Կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ գիտատեխնոլոգիական Ակադեմիայի ակադեմիկոս Ֆաենբերգ Սարգսյանի անհատական ցուցահանդեսը:

Մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված ցուցադրությունը նվիրված էր նկարչի 70-ամյա հոբելյանին:

Ցուցադրության էր ներկայացված գեղանկարչի շուրջ 55 աշխատանք. դրանք տարբեր տարիների ստեղծագործություններ են՝ ինքնադիմանկարներ, նատյուրմորտներ, ուժի և գեղեցկության, պայքարի և մտորումների վերաբերյալ:

ՀՀ նկարիչների միության նախագահ, ՀՊՄՀ-ի Կերպարվեստի ամբիոնի վարիչ Կարեն Աղամյանի կարծիքով՝ նկարչի մեղմ ու համեստ արտաքինի ներսում կրակ կա, ներքին եռանդ, որը Ֆաենբերգ Սարգսյանի էությունն է՝ արտացոլված նրա արվեստում:

«Ճշմարիտ արվեստագետի կարևորագույն խնդիրներից մեկը անհատականությունն է, մարդու և բնության ընկալման սեփական մոտեցումը, որը ստեղծագործություններով ներկայացնում է նկարչի «եսը»: Սա նկարահանդես է, որ ներկայացնում է ինքնատիպ, արդի հայ գեղանկարչության լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ Ֆաենբերգ Սարգսյանի աշխատանքները»,-ողջույնի խոսքում նշեց Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արա Հակոբյանն ու հավելեց, որ ներկայացված ստեղծագործություններում ամբողջությամբ արտահայտված են արվեստագետի ձեռագիրն ու հոգեբանական մոտեցումները:

Անդրադառնալով միևնույն հարկի ներքո Ֆաենբերգ Սարգսյանի և նրա ուսուցչի՝ Ժողովրդական նկարիչ Հովհաննես Զարդարյանի ցուցադրություններին՝ Արա Հակոբյանը նշեց. «Մի ադամանդ ծնում է մեկ այլ ադամանդ: Այս հոբելյանական ցուցադրությունը կարծես ունի տրամաբանական շարունակություն, քանի որ Ֆաենբերգ Սարգսյանի սաներից շատերն արդեն Նկարիչների միության անդամ են»:

Ամուր գծանկար, պինդ գույն. Արա Հակոբյանի կարծիքով՝ սրանք այն կարևոր յուրահատկություններն են, որոնք նկարչի ստեղծագործությունները հասցրել են նյութականության գագաթնակետի:

Գրող, նկարիչ Արևշատ Ավագյանն էլ նկատում է, որ գեղանկարչության վարպետի ստեղծագործություններն աչքի են ընկնում ինքնատիպությամբ, յուրօրինակ արվեստով.«Նրա կտավներն առանձնանում են գույնի, գծի, մակերեսի և հարթության վրա յուրօրինակ քսվածքներով: Նրա նկարներում կա ասելիք, ինչպես բանաստեղծության մեջ՝ տողատակում, իսկ գրականության մեջ՝ այլաբերությամբ. դա իր ներաշխարհն է, յուրօրինակ մտածողությունը»:

Կրթության միջազգային ակադեմիայի տնօրեն Սուրեն Մամիկոնյանն էլ հավելում է՝ չնայած սա նկարչի առաջին անհատական ցուցահանդեսը չէ, սակայն այն տարբերվում է. «Կյանքի փիլիսոփա կեսում գտնվելով՝ գնում է մյուս կեսը, և այսօր մեր դատին է ներկայացրել կաթիլ-կաթիլ հավաքած իր ստեղծագործությունների մի մասը: Ապրել է և կարողացել ամբարել տեսածը, այն անցկացնել իր պրիզմայով և ներկայացրել հայ արվեստասերի դատին»,-նշեց Սուրեն Մամիկոնյանը:

Նա այն կարծիքին , որ հին և փոքրաթիվ ազգերն աշխարհին պետք է ներկայանան իրենց մշակույթով, իսկ Ֆաենբերգ Սարգսյանն այդ մշակույթում ունի իր ասելիքը:

«Հայրենիքում և արտերկրում բազմաթիվ ցուցահանդեսներ եմ ունեցել, որոնց ընթացքում մշտապես կարմիր թելի նման նշվել է իմ ստեղծագործություններից հորդող մեծ էներգետիկան և խորհուրդը: Ուզում եմ այդ էներգիան ձեզ նվիրել, որ այն լինի բարի և լավ կյանքի համար զենք»,-նշեց Ֆաենբերգ Սարգսյան:

aspu.am-ի հետ զրույցում նա կարևորեց նաև իր ուսուցչի՝ Հովհաննես Զարդարյանի աշակերտը լինելու հանգամանքը, ով մշտապես աջակցել, ուշադրության կենտրոնում է պահել իրեն և եղել կարևոր ուղենիշ իր ստեղծագործական ճանապարհին: