ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ամուր ընտանիք՝ հզոր հայրենիք»
15.05.2024
«Ամուր ընտանիք՝ հզոր հայրենիք»

«Ավելի գեղեցիկ տոն չկա, գուցե․ այսօր բոլորիս օրն է։ Ընտանիքն այն վայրն է, որտեղ քեզ հետ ուրախանում ու տխրում են, որտեղ պետք է ապահով զգաս»,-վստահ են ՀՊՄՀ համար 57 հիմնական դպրոցի աշակերտները։

Մայիսի 15-ը Ընտանիքի միջազգային օրն է, ինչի առթիվ դպրոցի 3ա դասարանի աշակերտների մասնակցությամբ կազմակերպվել էր «Ամուր ընտանիք-հզոր հայրենիք» խորագրով միջոցառում։  Աշակերտներն ասմունքեցին, երգեցին ու նաև շուրջպար բռնեցին մայրիկների հետ։

Նրանք իրենց ուրախ երգերում գնահատեցին մայրերին և հայրերին, քույրերին և եղբայրներին, ու գտան ընտանեկան երջանկության բանաձևն ու բանալին՝  սեր, բարություն, հարգանք ու վստահություն։

Թեև երրորդ դասարանում են սովորում, սակայն արդեն գիտեն, որ հայրենիքն սկսվում է յուրաքանչյուրի տնից։ Նրանք ընդգծում են բոլոր այն կարևոր արժեքները, որոնցով ամբողջանում են ընտանիքները՝ իրարից այնքան տարբեր, բայց նաև իրար այնքան նման՝ ներողամտությամբ, իրար օգնելու պատրաստակամությամբ։

«Կեցցե այն ընտանիքը, որը պիտանի զավակ է դաստիարակել»,-նշում են աշակերտները ու վերստեղծում «ընտանիքի ծաղիկը», որի թերթիկները կորցրել են․ տեղադրում են թերթերը՝ ասելով, որ սրբություն է ընտանիքը և ունի համերաշխության գույնը, իսկ «ընտանիքի արևը մայրն է, որը մեզ նայում է երազանքի աչքով»։

Միջոցառման մասնակիցները նկատում են՝ աշակերտների հայացքներում ջերմություն ու կարոտ կա, ժպիտներում՝ սեր դեպի ընտանիքն ու հայրենիքը։ Ընտանիքում ու դպրոցում մեծերը ձգտում են հենց այսպես դաստիարակել փոքրիկներին, դեռ մանկուց սովորեցնել հարգել ընտանիքի յուրաքանչյուր անդամին, ծնողներին, որոնք իրենց կյանքն իմաստավորում են, ցույց տալիս կյանքի ճշմարիտ ուղին։

«Ամուր ընտանիք՝ հզոր հայրենիք» ամփոփում են երեխաները, ապա մայրիկների և ուսուցիչների հետ շուրջպար բռնում, նկարակալների վրա ամրացրած թղթերի վրա միասին նկարում երջանիկ ընտանիքի պատկեր։

Դպրոցը, որ աչքի է ընկնում հետաքրքիր և հայրենապաշտ միջոցառումներով, իր սաներին կարևոր ուղերձ ունի՝ յուրաքանչյուր հայ մարդու համար ընտանիքը ամենամեծ արժեքն է, իսկ ամուր ընտանիքը հզոր հայրենիքի գրավականն է։

Դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը շնորհակալություն հայտնեց փոքրիկներին և խոստովանեց՝ միջոցառումը հույզերի և ջերմ զգացողությունների իսկական հրավառություն էր․ «Այո, հզոր հայրենիք ունենալու համար պետք է ունենալ ամուր ավանդական ընտանիք, այն պահել, արժևորել ու չկորցնել, դրան գումարել մեր հավատն ու եկեղեցին։ Հայ ու Հայաստան, հզոր հայրենիք»։

Նման միջոցառման կազմակերպմամբ Կարինե Չիբուխչյանը հոգում է, որ երեխաները դեռ դպրոցական հասակից հասկանան՝ ինչ է ընտանիքը, արժևորեն ծնողներին, սիրեն և ջերմություն պարգևեն միմյանց, որ յուրաքանչյուր հայ ընտանիք տոգորվի հայրենիքի՝ Հայաստան աշխարհի սիրով։

«Սիրելի երեխաներ, իսկապես մենք գտել ենք երջանկության բանալին․ ընտանեկան երջանկության բանալին փոխադարձ սերն է, հարգանքն ու վստահությունը։ Դպրոցն էլ մի ընտանիք է, և մենք ապրում ենք՝ մեր ձեռքին ունենալով ընտանեկան երջանկության բանալին»,-հավելեց դասվար Կարինե Չիբուխչյանը։