ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Անցկացվեց ԱՊՀ մանկավարժական բուհերի միջազգային ֆորումը
25.11.2021
Անցկացվեց ԱՊՀ մանկավարժական բուհերի միջազգային ֆորումը

ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանն այսօր մասնակցեց «Շարունակական մանկավարժական կրթության ընթացիկ իրավիճակը և ինտեգրացիոն զարգացման հեռանկարները» թեմայով ԱՊՀ մանկավարժական բուհերի միջազգային առցանց ֆորումին:

ԱՊՀ կազմավորման 30-ամյակի շրջանակներում կազմակերպված ֆորումը մեկնարկեց մանկավարժական բուհերի համագործակցության փորձառության մասին պատմող տեսանյութով, որին հաջորդեց ԱՊՀ գործադիր կոմիտեի, ՌԴ լուսավորության նախարարության ողջույնի խոսքը:

ԱՊՀ մանկավարժական բուհերի հանրային խորհրդի նախագահ, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ալեքսեյ Լուբկովը ֆորումում ներկայացրեց մանկավարժական ոլորտում կադրերի պատրաստման ինտեգրացիոն գործընթացների զարգացման ու խթանման մասին զեկույց:

Ֆորումի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանը, որը կարևորեց միջազգային մանկավարժական ֆորումի անցկացումն ու հույս հայտնեց, որ այն կնպաստի ԵԱՏՄ երկների բուհական համակարգերի հետագա ինտեգրմանը՝ հիմնված փոխըմբռնման վրա:

«Հայաստանի Հանրապետության մանկավարժական կրթության համակարգի ընթացիկ իրավիճակը» թեմայով զեկույցում ռեկտորն ընդգծեց՝ գրաճանաչության ավելի քան 1600-ամյա պատմություն ունեցող Հայաստանի համար կրթությունը եղել և մնում է երկրի գիտա-մշակութային կյանքի առաջնային ուղղություններից:

Աշոտ Խոեցյանը նկատեց, որ նման կարևորություն ունեցել է նաև դպրոցը։ Այն հայ ժողովրդի քաղաքական և մշակութային կյանքում եղել է գոյատևման երաշխիքն ու առաջընթացի լուրջ խթան.«Հասարակության զարգացման ընթացիկ փուլում, կրթական համակարգի շրջանակներում, տեղի են ունենում որոշակի հարացուցային փոփոխություններ: Կրթության փիլիսոփայությունը և մանկավարժությունը ևս ենթարկվում են հումանիտար և մարդաբանական փոփոխությունների, որոնք ենթադրում են ինչպես մարդու, այնպես էլ մանկավարժական կրթության ուսումնասիրման նոր մեթոդաբանություն»,-նշեց պրոֆեսորը:

ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատարն ընդգծեց նաև՝ սկզբունքորեն կարևոր է, որ գլոբալացմանն առնչվող գործընթացներն ոչ թե հակադրվեն մանկավարժական կրթության ազգային համակարգին, այլ իրականացվեն փոխազդեցության և փոխլրացման սկզբունքով:

Աշոտ Խոեցյանն իր զեկույցում անդրադարձավ նաև կրթական ոլորտի կառուցվածքին, մանկավարժների կարգավիճակին, կրթական համակարգին անհրաժեշտ մանկավարժական կադրերի պատրաստման գործընթացի բովանդակությանն ու տեխնոլոգիաներին, մանկավարժական կրթական ծրագրերի կառուցվածքին:

Իր ելույթի ավարտին նա ընդգծեց նորարական վեկտորի կարևորությունը.«Այսօր նորարարությունները հասարակություններում ընթացող մշակութային գործընթացների հիմնական ցուցչի դեր են կատարում, իսկ սոցիալական համակարգերի նորարարական ներուժի զարգացումը ռազմավարական նպատակի կարգավիճակ են ձեռք բերել»:

«Շարունակական մանկավարժական կրթության ընթացիկ իրավիճակը և ինտեգրացիոն զարգացման հեռանկարները» թեմայով ԱՊՀ մանկավարժական բուհերի միջազգային ֆորումին ելույթներով հանդես եկան նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Յարոսլավի, Տաջիկստանի, Տաշքենդի մանկավարժական բուհերի ռեկտորները: