ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Անցկացվեց գրական 6-րդ մրցանակաբաշխությունը
30.08.2023
Անցկացվեց գրական 6-րդ մրցանակաբաշխությունը

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ամփոփվեցի «ՀԱՅԿ ՆԱԳԳԱՇԵԱՆ ԳՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱՆՔ» հիմնադրամի ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները։

Ձեռնարկն անցկացվում է 6-րդ անգամ՝ ՀՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ` արժևորելու հայրենիքի և սփյուռքահայ գրողների հայերեն նորատիպ գրական-գեղարվեստական երկերը՝ «Արձակ» և «Պոեզիա» անվանակարգերում։

Մրցանակաբաշխությանը ներկա էին գրողներ, գրականագետներ, կրթական ոլորտի ներկայացուցիչներ, ընթերցողներ, ուսանողներ։

«Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը նկատում է՝ Հայկ Նագգաշյանի վերադարձն անվերջ է։ Այսօր, սիրով լեցուն, նրան են վերադարձվում «պարտքերը», և, չնայած, դա արվում է մահից հետո, բայց վերադարձվում է իբրև ներկայություն։

Պրոֆեսոր Դանիելյանն անդրադարձավ Հայկ Նագգաշյանի գրական, մշակութային, հրատարակչական, խմբագրական լայնածավալ գործունեությանն ու ընդգծեց՝ գրականությունը նրա էությունն էր, որի միջոցով ընթերցողին իբրև ներքին անձնագիր պարգևեց հայոց բնաշխարհը։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը խոստովանում է՝ Հայկ Նագգաշյան գրողին իր համար նոր է բացահայտում, հատկապես՝ ուրբանիստ Նագգաշյանին, որի բոլոր տագնապաները, մտածումներն ու խնդիրները կապված են ազգայինի հետ։

Տեսակապով մրցույթի մասնակիցներին շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց Հայկ Նագգաշյանի կինը՝ Սոսի Նագգաշյանը, որ այս դժվարին օրերին կարողացել են ստեղծագործել և հրատարակել։

Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Քնարիկ Աբրահամյանը ներկայացրեց սփյուռքահայ արձակագիր և հասարակական գործչի անվան մրցանակի հավակնորդներին, նրանց գրչի ինքնատիպությունն ու յուրահատկությունները։

Արա Արտազ՝ «Շունչ Նայիրական», Հակոբ Հարություն՝ «Զինավառ ընձյուղ», Անուշ Վարդանյան՝ «Սիրո լռություն», Վրեժ Սարուխանյան՝ «Ագռավաքար», Հայկ Սիրունյան «Չոր ապրիլ»․մրցույթի ժյուրին հաղթող ճանաչեց վերջին երկու ստեղծագործողներին։

Մրցանակաբաշխությանը Բանասիրական ֆակուլտետի ուսանողներ Անուշ Պետրոսյանն ու Թագուհի Աղասյանը յուրատեսակ վերլուծություն կատարեցին և ներկայի հետ զուգահեռներ անցկացրին հաղթող գրողների գրական ստեղծագործությունների միջև՝ վստահեցնելով՝ հավատարիմ ընթերցող են։

Գրող Վրեժ Սարուխանյանը, որ հեղինակել է «Ագռավաքար»-ը, նկատում է՝ մրցանակաբաշխությունը բարության սերմեր է շաղ տալիս, որ դեռ շատ ծիլեր կտա։ Կարծում է, որ ամենքն իրենց պարտքը պետք է կատարեն իրենց տեղում։

«Երբ կարողանում ենք մեկտեղվել և զգալ մեր ուժը , երկրորդական է դառնում հայրենիքի նկատմամբ տագնապները, որ հաճախ գալիս և ստվերում են մեր օրը։ Մենք ընկրկելու ժամանակ, հնարավորություն և իրավունք չունենք․ սա էր այսօրվա գլխավոր դասը»,-ավարտին նշեց պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը։

Մրցանակաբաշխությունն ամփոփեց Մանկավարժականի երաժշտական բաժնի ուանող Տաթև Հարությունյանի «Բինգյոլ» ստեղծագործությունը։