ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Անցկացվեց հայոց լեզվի և գրականության օլիմպիադա
19.02.2020
Անցկացվեց հայոց լեզվի և գրականության օլիմպիադա

Օրը թումանյանական էր՝ գիրք նվիրելու խորհրդով և Բանասիրական ֆակուլտետում ավանդույթ դարձած «Բաց դռների օր» միջոցառումների շարքով:

Ֆակուլտետում էին  Արագածոտնի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի, Շիրակի մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 80 ապագա դիմորդներ, որոնց համար դասախոսները և ուսանողները օրը դարձրին հետաքրքիր ու ոչ սովորական:

Նրանց ողջունեց ֆակուլտետի դեկանը Աշոտ Գալստյանը, ապա դասախոսություն կարդաց Հայ նոր և նորագույն գրականության ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանը: Դասախոսությունը գրականության  տարբեր ժամանակների զուգահեռների ու ընթացքի մերօրյա ամփոփումն էր՝ գրողի և ուսուցչի նկարագրի դրսևորման առանձնահատկությունների մեկնաբանմամբ:

Այնուհետև աշակերտները դիտեցին ֆակուլտետի մասին պատմող տեսաֆիլմ: Նրանց համար շատ հետաքրքիր իրողություններ բացվեցին. այստեղ են ուսանել մեծագույն արձակագիր Հրանտ Մաթևոսյանը, մեծ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, հայ պոեզիայի մեջ իր ուրույն հետագիծը թողած Մետաքսեն, լրագրության մեջ իր բարձր չափանիշները հաստատած  Արմեն Հովհաննիսյանը…

Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանը ներկայացրեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի էությունն ու ընթացքը, որին Խաչատուր Աբովյան անունն իր լույսը բերեց, և այդ լույսը դասախոսները պահպանում են մինչև այսօր…

Ելույթ ունեցողները եկող սերնդին հորդորեցին լավ սովորել և իրենց կյանքի ուղին անցնել նպատակասլաց ու ճիշտ: Ուսանողուհիներից մեկը դպրոցականներին  ծանոթացրեց ֆակուլտետի դասախոսների հեղինակած գրքերին, մենագրություններին, դասագրքերին և ուսումնամեթոդական ձեռնարկներին:

Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Վազգեն Համբարձումյանն էլ դպրոցականներին, որպես օրվա հետ կապված հուշ, նվիրեց իր հեղինակած գրքերից։ 

Այնուհետև տրվեց հայոց լեզվի և գրականության օլիմպիադայի մեկնարկը. արդյունքները կբացահայտեն լավագույններին: Հանձնաժողովի նախագահը պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանն է, որը  համոզված է՝ օլիմպիադային մասնակցելու հայտ ներկայացրած աշակերտների մեջ են նաև Բանասիրական ֆակուլտետի  վաղվա ուսանողները:

Օրն ամփոփվեց ֆակուլտետի մեծ սրահում, որտեղ բանախոսությամբ հանդես եկավ Աելիտա Դոլուխանյանը: Հնչեցին Թումանյանի ստեղծագործություններից:

Բաց դռների օրը շարունակվում է, ասել է թե՝ ֆակուլտետը սիրով իր դռներն է բացել  բոլոր նրանց առաջ, ում համար բանասիրությունը մյուս ֆակուլտետները բացող բանալին է,  նվիրում ու  տուրք՝ հայերենի  ու հայագիտության հանդեպ: 

Օլիմպիադայի արդյունքներ