ՀՊՄՀ-ի Արտասահմանյան գրականության ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվեց միջազգային գիտագործնական գիտաժողով, որն այս տարի նվիրված էր բուհի հիմնադրման 100-ամյա հոբելյանին։
Խառը ձևաչափով անցկացվող գիտաժողովին մասնակցում էին ինչպես Հայաստանի, այնպես էլ ՌԴ-ի և Ուկրաինայի առաջատար բուհերի մասնագետներ, մագիստրոսներ։
Մասնակիցներին ողջունեց և արդեն ավանդական դարձած գիտաժողովի կարևորությունն ընդգծեց Ուսումնագիտական գծով ՀՊՄՀ պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը։
Վերջինս պատահական չհահամարեց գիտաժողովի անցկացման վայրը․«Պուշկինի ինստիտուտ» ռուսաց լեզվի ուսուցման թեստավորման կենտրոնում մշտապես «հանդիպում են» երկու բարեկամ երկրների անցյալը, ներկան և ապագան։
«15 տարի շարունակ ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվում են գիտական տարատեսակ ձեռնարկներ, տպագրվում գիտական ժողովածուներ, որոնք կրկնակի արժեքավոր են, քանի որ դրանցում տեղ են գտնում նաև երիտասարդ հետազոտողների ուսումնասիրությունները։ Այսօր մենք դժվար ժամանակներում ենք ապրում․ մեզ անհրաժեշտ են գիտելիքներ, որոնք աշխարհն ավելի լավը կդարձնեն»,-նշեց պրոռեկտորն ու մաղթեց կառուցողական երկխոսություն և փորձի փոխանակման ակտիվ դաշտ։
Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը, ընդգծելով գիտաժողովի շրջանակներում քննարկվող թեմաների գիտական կարևոր նշանակությունը, հույս հայտնեց, որ արտասահմանյան գործընկերներն առաջիկայում իրենց անմիջական մասնակցությունը կունենան բուհում անցկացվող նշանավոր այլ ձեռնարկներին։
Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Ռուզան Թադևոսյանը գիտաժողովը կարևորեց գիտական ժողովածուների տպագրման տեսանկյունից ևս։
Վերջինս ընդգծում է՝ ժողովածուն նախատեսված է դասավանդողների, ասպիրանտների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ժամանակակից գրականության և լեզվաբանության ձեռքբերումներով․ «Դրանցում արտացոլված են թարգմանչության, գրականության պատմության և տեսության, համեմատական գրականագիտության և լեզվաբանության ոլորտում իրականացված նորագույն հետազոտությունների արդյունքները»,-հավելեց նա։
Միջազգային գիտագործնական գիտաժողովի մասնակիցներն իրեն զեկուցումներում վեր հանեցին գրականության մի շարք խնդիրներ, անդրադարձան թարգմանության և գրական կապերի հետ կապված հարցերի՝ հայ և ռուս գրականությունը ներկայացնելով որպես համաշխարհային գրականության անքակտելի մաս։
Ծավալվեց շահագրգիռ քննարկում, եղավ հարց ու պատասխան։