ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Անցկացվեց «Սասնա ծռեր» գրական վիկտորինա
17.04.2024
Անցկացվեց «Սասնա ծռեր» գրական վիկտորինա

ՀՊՄՀ 57 հիմնական դպրոցում անցկացվեց «Սասնա ծռեր» գրական վիկտորինա։ 3ա «Արևներ» դասարանի աշակերտները բաժանվել էին հինգ խմբի՝ «Սանասար», «Ձենով Օհան», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր» անուններով։

Վիկտորինայում ներառվել էին մեր էպոսին վերաբերող խաղային տարաբնույթ հարցեր, որի շուրջ դպրոցականները թիմային ու անհատական աշխատանք էին կատարում՝ ներկայացնելով ժյուրիին։ Երրորդցիները պատվով հաղթահարեցին իրենց տրված առաջադրանքները՝ ներկայանալով հիմնարար գիտելիքների մեծ պաշարով։

Նրանք գուշակեցին էպոսից ներկայացված պատկերները, կարդացին գունագեղ ծրարներում առկա հատվածները, կռահեցին, թե հերոսի որ հատկանիշի մասին է խոսքը՝ դասվարին ցույց տալով համապատասխան նկարները։ Յուրաքանչյուր խումբ ձեռքի տակ եղած նկարների կտորներով հավաքում էր Հակոբ Կոջոյանի «Սասունցի Դավիթ» հայտնի խճանկարը։ Վիկտորինայի ընթացքում եղան նաև բլից հարցեր։ Դպրոցականներն էպոսի վերաբերյալ իրենց գիտելքիներով գրեթե հավասարաչափ միավորներով էին մրցում։

Փոքրիկ վրիպումներ եղան բլից հարցերին պատասխանելու ընթացքում, ինչն էլ վճռեց վիկտորինայի ելքը։ «Ձենով Օհան» թիմը ճանաչվեց հաղթող, իսկ մյուսներն ստացան շնորհակալագրեր։ Վիկտորինան ուղեկցվեց գեղեցիկ երգերի կատարմամբ․«Արևներ»-ը հնչեցրին նաև դասարանի հիմնը։ Տարածելով գիտելիքների շողեր՝ դպրոցականներն արժանացան տնօրենի, դասվարի, ուսուցիչների ու ծնողների գովասանքին։

«Էպոսի միջոցով մենք ինքնաճանաչվում ենք՝ ճանաչում մեզ, այն խորհրդանիշները, որոնք ընդգրկված են էպոսում։  Նախաձեռնության նպատակն էր ակադեմիական գիտելիքներից բացի, ձևավորել կարդալու տեխնիկա, թե որքանով կարող են փոքրիկները յուրացնել, ընկալել գրական բովանդակությունը, համագործակցել, միմյանց սովորեցնել, լրացնել իրար»,-նշեց դասվար Կարինե Չիբուխչյանը։

Վերջինս հավելեց՝ «Սասունցի Դավիթ»-ը ծրագրային նյութ է․ ներկայացված է մի հատված։ Հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները՝ երեխաները հիմնականում ընթերցել են «Սասնա տունը»։ Այնինչ, վիկտորինայի հարցերի մեջ կային նաև Գ․ Սրվանձտյանի «Սասնա ծռեր» էպոսից դրվագներ․«Ե՛վ ընթերցելն էր բարդ, և՛ ընկալելը, բայց երեխաները կարողացան ընկալել․երկու-երեք շաբաթ աշխատել էին, պատրաստել պաստառներ»։

Դասվարը նկատեց՝ սա մրցակցային միջավայր է ստեղծում նրանց համար․իրենք գիտեն, որ և՛ հաղթանակը, և՛ պարտությունը պետք է պատվով ընդունել, և՛ ջանան հաղթել հաջորդ անգամ։ Դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը շնորհավորեց մասնակիցներին, քաջալերեց նրանց հայկական էպոսը կարդալու, յուրացնելու և ճիշտ ընկալելու համար։ Նա ընդգծեց՝ աշխարհի շատ ժողովուրդներ էպոս ունեն, բայց մեր էպոսը մի հրաշալի առանձնահատկություն ունի՝ այն մարդասիրական գաղափարներ է կրում իր մեջ, ինչը բնորոշ է հայ ազգին․«Ցավոք, այսօր մեր ազգային շատ գծեր կորցրել ենք, բայց ձեր սերունդը կօգնի վերագտնել դրանք»,-ամփոփեց տնօրենը։