ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Անկախության շունչը՝ ուսանողական աշխատանքներում
23.11.2018
Անկախության շունչը՝ ուսանողական աշխատանքներում

Մանկավարժական համալսարանի գլխավոր մասնաշենքի նախասրահն այսօր աշնանային էր:

Ցուցադրության էին ներկայացվել Սկզբնական կրթության ֆակուլտետի Տարրական մանկավարժություն և մեթոդիկա, Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա բաժինների բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողների աշխատանքները, որոնք կատարվել էին Կերպարվեստի դասավանդման մեթոդիկա առարկայի շրջանակներում:

«Անկախության շունչը» խորագրով աշնանային ցուցահանդեսը, որին ներկա էին նաև ուսուցիչներ, աշակերտներ ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանից և Երևանի համար 2 ավագ դպրոցից, նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակին:

Ապագա մանկավարժներն իրենց ստեղծագործական երևակայության և կարողությունների, հմտությունների սահմաններում աշխատանքներում ներկայացրել էին անկախության և ազատության վերաբերկալ պատկերացումները, հույզերն ու զգացողությունները:

Ֆլեշմոբով, ինչպես նաև տարբեր տեխնիկայով կատարված ստեղծագործություններով ուսանողները ևս մեկ անգամ վստահեցրին՝ աշունը բացառիկ արվեստագետ է և ներկաներին կոչ արեցին օգտվել հրաշագործ բնության գույնզգույն ներկապնակից, ստեղծագործել և պարզապես վայելել աշնան շունչը:

Կերպարվեստի ամբիոնի դոցենտ Ժաննա Խաչատրյանն aspu.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ ուսանողներին ուղղորդել է միայն մասնագիտական մի քանի մոտեցումների, օրինաչափությունների շրջանակներում. «Տարեցտարի ուսանողները դառնում են առավել ինքնուրույն, ստեղծագործող, վառ երևակայությամբ և մեծ ձգտմամբ՝ կատարելագործվելու և մասնագիտական դաշտում հաջողություններ ունենալու համար»,-նշեց դոցենտն ու հպարտությամբ հավելեց՝ աշխատանքները ցուցադրելու գաղափարը հենց ուսանողներինն է եղել:

Ժաննա Խաչատրյանը ևս մեկ անգամ կարևորեց ապագա մանկավարժի համար նման ձեռնարկների, ցուցադրությունների կազմակերպումը, քանի որ երեխայի հետ զարգացմանը նպաստող մանկավարժի աշխատանքի շնորհիվ բացահայտվում են նրանց կարողությունները, հմտությունները, ներաշխարհը. «Չի բացառվում, որ հենց այդ ժամանակից բացահայտվեն ապագա նկարիչները»:

Ցուցադրությունից հետո օրվա հյուրերը՝ դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները եղան նաև Սկզբնական կրթության ֆակուլտետում ՀՊՄՀ թանգարանում, ընթերցասրահներում: Աշակերտները մասնակցեցին մասնագիտական կողմնորոշմանը նվիրված սեմինար-պարապմունքին, դիտեցին հատվածներ ֆակուլտետի մասնագիտությունների վերաբերյալ Հաջողության բանաձև հաղորդաշարից:

Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողները հյուրերին նվիրեցին ձեռագործ թեմատիկ նվերներ: