Ապրիլյան քառօրյա պատերազմում հայրենիքի համար իր կյանքը զոհեց և անմահացավ լավագույն պարող և խիզախ զինվոր, ՀՊՄՀ-ի ուսանող Նորայր Գասպարյանը: Այսօր Կուլտուրայի ֆակուլտետի Պարարավեստի ամբիոնն անցկացրեց հուշ-ցերեկույթ, որի ընթացքում Նորայր Գասպարյանը հետմահու պարգևատրվեց Հայաստանի ազգային պարարվեստի միության բարձրագույն պարգևով՝ «Վահրամ Արիստակեսյան» հուշամեդալով:
«Նա այնքան լավ էր պարում և լի էր էներգիայով, որ քննական հանձնաժողովը խնդրեց ևս մեկ անգամ կրկնել համարը»,-ՀՊՄՀ-ի Պարարվեստի ամբիոնի վարիչ Կարեն Գևորգյանը վերհիշելով Նորայրի ընունելության քննությունը՝ նրան բնութագրեց որպես կյանքով լեցուն մի երիտասարդ, որն այդ նույն ակտիվությամբ իրեն նետեց ռազմաճակատ, իր հոգին տարավ այնտեղ. «Բանակ գնալուց առաջ ասաց՝ ոտքերս կկոշտանան, բայց ձեռքերս՝ ոչ, ցավոք ձեռքերն էլ կոշտացան. նա անմահացավ և այդ անմահությամբ, իր չապրած կյանքով պատգամեց, որ սիրենք մեր հայրենիքը»:
Պրոֆեսորը նշեց, որ սա ևս մեկ առիթ է վերապրելու այն հայրենասիրությունը, որը Նորայրը պատգամել է՝ ապրել հայրենիքի համար, եթե կարիք կա կյանքն անգամ զոհել հանուն հայրենիքի:
«Կապանում բոլորը ճանաչում էին տաղանդավոր և կենսախինդ Նորայրին. երիտասարդ պարուսույցը հասցրել էր իր ապրած տարիների ընթացքում լուրջ հաջողությունների հասնել, վայելում էր բնակչության սերն ու հարգանքը, շատ ընկերասեր էր, բարի, նպատակասլաց ու նվիրվող: Ընդամենը 3 ամիս և մի քանի օր էր մնացել, որ վերադառնար, սակայն հայրենքի հանդեպ սերն ու պատասխանատվությունը Նորայրին դրդեցին հերոսաբար նահատակվել և համալրել կապանցի անմահների շարքը»,- հերոսին այսպես ներկայացրեց հաղորդավար Սարգիս Նաջարյանը՝ ընդգծելով, որ ողջ Կապանը ցավում և միաժամանակ հպարտանում է, որ ունի նման հայորդի, որը բոլորին ապացուցեց՝ մերօրյա սերունդն էլ պատրաստ է իր կյանքով անգամ պահել հայրենի հողը և այն փոխանցել հաջորդ սերունդներին:
Մշակութաբան Գարեգին Գևորգյանը վստահ է ՝ իսկական զավականերին հայրենի հողը շատ ավելի է սիրում, քան սովորական մարդկանց. այդ պատճառով նրանք շատ ավելի վաղ են գնում դեպի հող, քան նրանք, ովքեր ավելի երկար են ապրում:
Նա նկատեց՝ պարի ժառանգորդի և իր զավակի հանդեպ ունենցած սիրո և հարգանքի ևս մի դրսևորում է կազմակերպված միջոցառումը, որը վկայում է՝ «Անմահները հրամայում են». «Կցանկանամ, որ բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ պարելիս բռնել են Նորայրի ձեռքը, քայլել նրա հետ, զորավիգ լինեն զինվորին ՝ վստահ լինելով, որ հայորդու հոգին հսկելու է բոլոր նրանց, ովքեր չեն երկյուղում թշնամուց և չեն լքում իրենց դիրքերը: Խորապես գիտակցում ենք մարդկային կորուստը. Նորայրը կարող էր պարը տանել հեռուներ, և այդ արվեստով զարամացնել շատերին»:
Որդու հիշատակին նվիրված ձեռնարկին Նորայր Գասպարյանի մայրը՝ Նոնա Աթաջանյանը վերհիշեց ապրիլյան դեպքերն ու հուզմունքով պատմեց՝ խոսել էր որդու հետ, սակայն վերջինս ոչնչիչ չէր ասել, չէր բողոքել.«Նորայրը եղբորը խնդրել էր պատերազմի մասին չպատմել տանը. վստահեցրել էր՝ առաջինն ինքն է գնալու առաջնագիծ, իսկ անհրաժեշտության դեպքում հայրենիքի համար պատրաստ է զոհաբերել անգամ կյանքը: Այդպես էլ եղավ.նա պարելով նստեց տանկը, պարեց իր վերջին պարը ու .... չվերադարձավ»:
6 տարի շարունակ Նորայր Գասպարյանի հետ միևնույն բեմում հանդես եկած Իննա Ստեփանյանը, խոսելով պարընկերոջ մասին, դժվարացավ թաքցնել հուզմունքը: Արցունքն աչքերին հիշում է՝ Նորայրը կրակ էր, ով ջերմացնում էր բոլորին.լի էր աննկարագրելի էներգիայով և ողջ օրն անցկացնում էր պարասենյակում.«Շատ նպատաներ ուներ, երազանքեր, որոնք անկատար մնացին. անպատասխան մնաց նաև իմ վերջին հաղորդագրությունը»:
Զինակից ընկեր Ազատ Գալեյանն էլ հիշում է՝ շատ արագ ընկերացան, պատերազմի ժամանակ էլ միասին նստեցին տանկ, հասան առաջին գիծ, ապա նկատեց՝ իր տանկն է մնացել, մյուսները չկան.«Ապագայի հետ կապված բազմաթիվ ծրագրեր ուներ. պատերազմի պատճառով ամեն ինչ հօդս ցնդեց: Հպարտությամբ եմ հիշում մերօրյա հերոսին, ում մշտապես պետք է մեծարել»:
Նորայր Գասպարյանին հարգանքի տուրք մատուցեցին ընկներները՝ նրան նվիրելով պարային և երաժշտական կատարումներ: