Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողներն այսօր հյուրընկալել էին Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանում նանոֆիզիկայի հիմնադիր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանին։
Բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների՝ ապագա դասվարների համար ականավոր ֆիզիկոսը հանդես եկավ յուրատեսակ դասախոսությամբ։ Այն ավելի շատ դաս էր, քանի որ պրոֆեսորը հանդիպումն անցկացրեց իբրև դասվար՝ մաթեմատիկայի դասի ձևաչափով։
Նա մատուցեց միանիշ, երկնիշ, եռանիշ թվերի բազմապատկումը՝ հիմքում դնելով տրամաբանությունն ու օրինաչափությունը, որ ներկաների մոտ առաջացրեց և' հետաքրքրություն, և' արագ հաշվելու մշակույթ։ Նա անդրադարձավ նաև տարրական դասարանների մաթեմատիկայի դասընթացում ներառված այլ թեմաների, ներկայացրեց դրանց վերաբերյալ հետաքրքիր փաստեր և օրինաչափություններ։
Վերջինս այն կարծիքին է, որ միայն դասվարն ունի անսպառ նվիրում և ապագայի դասվարներին հորդորեց մաթեմատիկական «չոր » հավասարություններն ու դժվար յուրացվող բովանդակությունն առավել հետաքրքիր ներկայացնել կրտսեր դպրոցականին՝ մղելով նրան նոր օրինաչափությունների բացահայտմանը, ինչպես նաև աշակերտների մեջ սերմանել սովորական երևույթների մեջ անսովորը տեսնելու հմտությունները։
«Զարմանալու հատկությունը Աստծո տված շնորհ է, և ուսուցիչը մեծ դեր ունի՝ կամ կոնչնացնի, կամ կզարգացնի այդ հատկությունը»,-նշեց ակադեմիկոս Ղազարյանն ու տարիների հեռվից հիշեց, թե ինչպես էր ֆիզիկայի օրենքները բացատրում մարդու պես ուղիղ քայլող հավի և թեք, անսովոր քայլվածքով բադի օրինակով։
Թեև Էդուարդ Ղազարյանը շուրջ վեց տասնամյակ ծավալում է գիտական գործունեություն, սակայն զբաղեցրած տարբեր պաշտոնների բերումով քաջածանոթ է կրթության հիմնախնդիրներին։ Նա մշտապես դեմ է եղել, որ տարրական ուսուցումը լինի չորս տարի։ Ականավոր պրոֆեսորը մինչ օրս դասավանդում է նաև դպրոցում, բայց ոչ տարրական դասարաններում. պարապել և չորս տարվա նյութը մեկուկես տարվա ընթացքում յուրացրել է 9 աշակերտի հետ․ 9-ից երեքը իր երեխաներն էին, 6-ը՝ թոռները։
Որպես վաստակաշատ մանկավարժ՝ նա ապագա մանկավարժներին է փոխանցում դասավանդման ոսկե կանոնը․ «Որպես մանկավարժ հաջողություններ կունենաք միայն այն ժամանակ, երբ հետաքրքրություն առաջացնեք երեխայի մոտ»։