ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի ուսանողներին ընդունել է Էդուարդ Շարմազանովը
11.09.2017
ՀՊՄՀ-ի ուսանողներին ընդունել է Էդուարդ Շարմազանովը

Օրերս ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի հասարակագիտության բաժնի ուսանողներին եւ դասախոսներին:

Հանդիպման ընթացքում ապագա հասարակագետները Էդուարդ Շարմազանովին ուղղեցին տարբեր ոլորտների և խնդիրների վերաբերյալ մի շարք հարցեր: Դրանք հիմնականում վերաբերում էին կուտակային կենսաթոշակային համակարգի արդյունավետությանը, սահմանադրական բարեփոխումների արդյունքում երկրի կառավարման ձևի փոփոխման նպատակահարմարությանը, տնտեսության զարգացման համար իրականացվող քայլերին, ԼՂ հիմնահարցի կարգավորումանն ու Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Անդրադառնալով արտաքին քաղաքական ոլորտում Հայաստանի Հանրապետության որդեգրած դիրքորոշմանը՝ Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ մեր երկրի արտաքին քաղաքական ուղղությունները վերանայման կարիք չունեն. «Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետություն է, անդամակցում է ԵԱՏՄ-ին, Ռուսաստանի Դաշնության հետ ունի դինամիկ զարգացող դաշնակցային հարաբերություններ, գործընկերային հարաբերություններ ունի Եվրոպական միության, ԱՄՆ-ի, ինչպես նաև հարևան Վրաստանի և Իրանի հետ»:

Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին արդարացված է, և մեր պետությունը դեմ է այդ կառույցից դուրս գալուն:

Հանդիպման ընթացքում ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաև ԼՂ հիմնախնդրին և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը. «Արցախը համայն հայության հաղթանակն է. այդ հաղթանակն անհնար կլիներ առանց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության»,- նշել է Էդուարդ Շարմազանովը և ևս մեկ անգամ ընդգծել, որ հայ ժողովրդի հաղթանակի գրավականն արժանապատիվ ապրելու և արարելու նրա անկոտրում ձգտումն է:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը զուգահեռ իրականացվում է ժխտողականության դեմ պայքար եւ այս հարցում առանձնակի կարեւորել է Սփյուռքի դերը:

Աղբյուրը՝ http://parliament.am/news.php?cat_id=2&NewsID=9446&year=2017&month=09&day=08&lang=arm