ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ապագա մանկավարժների հյուրն էր դերասան Սամվել Թոփալյանը
19.03.2021
Ապագա մանկավարժների հյուրն էր դերասան Սամվել Թոփալյանը

Սկզբնական կրթության ֆակուլտետի նախադպրոցական կրթության և մեթոդիկայի մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներն այսօր հյուրընկալել էին ՀՊՄՀ Ռեժիսուրայի ամբիոնի դասախոս, դերասան Սամվել Թոփալյանին:

Հանդիպումն անմիջական ու անկեղծ երկխոսություն էր սիրված դերասանի և ապագա մանկավարժների միջև` կրթությունից մինչև խաղացած դերեր, կերտած կերպարներից  մինչև կյանքի տարբեր իրադրությունների հանդեպ մոտեցումներ:

«Կինոյում շատ չեմ խաղացել, ինձ ավելի հարազատ է թատրոնը, այնտեղ կերտած իմ կերպարները. այնտեղ ոչ ոք չի խանգարում»,-նշում է Սամվել Թոփալյանը և առանձնակի հպարտությամբ ընդգծում՝ իր խաղացանկում շատ է սիրում սարոյանական կերպարներին:

Հիշում է իր կուրսի ղեկավար  Արմեն Մազմանյանի խստապահանջությունն ու նկատում` դա շատ կարևոր է դերասան դառնալու ճանապարհին:

Նա այն կարծիքին է, որ առանց աշխատասիրության դժվար է նպատակներն իրագործել, իսկ մրցանակների մասին խոսելիս էլ հավելում է` դրանք նախևառաջ պարտավորեցնող են, ավելիին ձգտելու խթան, քան առավելություն: Սիրված դերասանն անկեղծանում է` երբեմն բեմում լինում են արգելակման պահեր, բայց կարողանում է դուրս գալ այդ իրավիճակից. խաղընկերների հարցում բախտը բերել է, ինչը բեմում խնդիրներ չունենալու լավագույն երաշխիքներից է:

Հենրիկ Մալյանի անվան և Արմեն Մազմանյանի անվան «Գոյ» թատրոնների դերասան Սամվել Թոփալյանը սիրում է ուսանողների հետ աշխատել, սակայն դասավանդման ընթացքում ցավով է նկատում` շատերը երբեմն անլուրջ են վերաբերվում կրթությանը, ժամանակ են վատնում բացառապես դիպլոմ ունենալու համար. «Պետք է սիրել մասնագիտությունը, անընդհատ կրթվել ու գիտելիքով զինվել՝ մեր երկրի հզորացման գործում սեփական լուման ներդնելու համար: Պետք է հենց այնպես չվերցնես գիտելիքը, այլ այն անցկացնես քո վերլուծական մտքի միջով, որպեսզի այն ծառայեցնես մի կարևոր ու լավ գործի»:

Դերասանը նաև ցավով նկատեց, որ հայաստանյան հասարակությունն այսօր չարացած է, ինչը գալիս է մշակույթի պակասից: Նա ուսանողներին հորդորում է շատ կարդալ, այցելել թատրոններ, որպեսզի ճանաչեն իրենց տեսակը. «Մենք մեզ պիտի ճանաչենք արմատից՝ շեշտը դնելով հայրենաճանաչողության վրա՝ որպես մեծամտանալու հակակշիռ»:

Նշենք, որ հանդիպումը սիրված դերասանի հետ նախաձեռնել էր ֆակուլտետի դասախոս Իրինա Պոնոմարենկոն: Ուսանողների կարծիքով` այն յուրատեսակ դաս-հանդիպում էր, որ բազմաթիվ խորհուրդներից ու կարծիքներից բացի, իրենց հուշեց ու հորդորեց սիրել թատրոնը, հաճախ այցելել և վայելել արվեստի ապրեցնող երանգները: