ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ապագա մանկավարժները երդվեցին
01.10.2021
Ապագա մանկավարժները երդվեցին

Մանկավարժական համալսարանի առաջին կուրսերի ուսանողների ավանդական դարձած երդմնառության միջոցառումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի:

Ավանդույթի համաձայն, բուհի ուսանողները երդվում էին Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի Քանաքեռում գտնվող տուն-թանգարանում. այս տարի ապագա մանկավարժները երդվեցին բուհի զոհված ուսանողների հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանի մոտ:

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գերաշնորհ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը Տերունական աղոթքով սկսեց իր օրհնության խոսքը և նկատեց՝ ուսումնառության ընթացքն աղոթով սկսելը բարի ավանդույթ է դարձել.«Մանավարժական համալսարանը մեր երկրի եթե ոչ ամենալավ, ապա լավագույն բուհերից մեկն է: Ձեզ համար մեծ պատիվ է ընդունվել և լինել Մեծ Լուսավորչի անունը կրող բուհի ուսանող: Ամիսներ առաջ նույն վայրում միասին օծեցինք այս հուշաքարը, որը ոգեկոչում է բուհի՝ զոհասեղանին իրենց կյանքը դրած զավակների հիշատակը: Վստահ եմ` հուշաքարի մոտ երդվելով, հիշատակի այս խաչքարի կողքով անցնելով, կհիշեք և կներշնչվեք հայրենասեր որդիներով, որոնք իրենց երկրային կյանքն ավարտեցին՝ միանալով նախնիների լուսե երամին»:

Գերաշնորհ հայրը ուսանողներին փոխանցեց նաև Վեհափառ Հայրապետի շնորհավորական ուղերձը՝ մաղթելով, որ կյանքի յուրաքանչյուր պահը, օրն ու ժամը նվիրեն գիտության քանքարները հավաքելու կարևոր գործին և այն փոխանցեն իրենց աշակերտ-զավակներին. «Դժվարին ժամանակներ ենք ապրում. հայ դպրոցն ու մանկավարժը շատ բան ունի անելու մեր երկրի ապագայի, այդ ապագան կառուցող սերնդի համար: Առիթից օգտվելով ցանկանում եմ շնորհավորել նաև պրոֆեսոր Աշոտ Խոեցյանին՝ բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնում ընտրվելու համար: Վստահ եմ,  իբրև փորձառու նավապետ, կկարողանաք Մանկավարժական համալսարանը պահել բարձունքում և նոր հաջողություններ գրանցել»:

Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանը, շնորհավորեց ներկաներին ավանդական դարձած միջոցառման առթիվ, վստահեցնելով՝ պրոֆեսորադասախոսական կազմը մշտապես ուսանողի կողքին է:

Ռեկտորը խորհրդանշական համարեց երդման արարողության վայրը՝ նկատելով, որ ուսումնառության ընթացքում պետք է հիշել նահատակներին և առավել պատասխանատվությամբ մոտենալ կրթության սուրբ գործին.«Հուսով եմ՝ մասնագիտության ընտրությունը կատարել եք մտածված և սրտի թելադրանքով. ոտք դնելով բուհ՝ որոշել եք դառնալ հայրենասեր մարդ ու լավ մասնագետ՝ ամբողջությամբ նվիրվելով երկրի կայացման և բարգավաճման գործին: Մանկավարժի գործը մեր երկրին ծառայեցնել և պատշաճ կատարել հնարավոր է միայն մեծ նվիրվածության դեպքում: 100-ամյա պատմություն ունեցող Մանկավարժական համալսարանն ամենահեղինակավոր բուհերից մեկն է՝ իր ավանդույթների, պատմության և մասնագետների շնորհիվ: Պետք է միշտ հիշեք՝ դուք մուտք եք գործում պատմության քառուղի, որտեղ ձեր անձի և որպես մասնագետ ձևավորման գործում իրենց հետքն են թողել նաև անցյալ սերունդները»:

Առաջին կուրսեցիներին բարեմաղթանքի խոսք հղեց նաև ՀՊՄՀ-ի Երաժշտության ամբիոնի վարիչ, դոցենտ Արա Գևորգյանը՝ կարևորելով օրվա խորհուրդն ու նկատելով՝ ապագա մանկավարժները ոտք են դնում գիտության հետաքրքիր աշխարհ, որտեղ անելիքները շատ են:

Վաստակավոր երաժիշտն ու մանկավարժը վստահ է՝ մանկավարժությանը պետք է լուրջ վերաբերվել, իսկ դրա համար նախևառաջ պետք է լավ կրթվել.մեր երկրում բարձրորակ կրթության, բարձրակարգ մասնագետների լուրջ կարիք կա:

«Մանկավարժական համալսարանը տարբերվում է այլ բուհերից. մեր ուսանողը կրկնակի առաքելություն ունի՝ մեր երկրի, մեր ժողովրդի առջև: Լավ մասնագետ դառնալուց զատ, պետք է կարողանաք ձեր գիտելքիները, կարողություններն ու հմտությունները փոխանցել մեր երեխաներին: ՀՊՄՀ-ն ուսանողակենտրոն է. ստեղծված են բոլոր հնարավորություններն ու պայմանները լավ ուսանող դառնալու համար»,-առաջին կուրսեցիներին դիմելով՝ նշեց Մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը:

Պրոֆեսորը հորդորեց՝ ուր էլ լինեն՝ չմոռանան, որ իրենք Մանակավարժականի ուսանողն են, այս բուհի շրջանավարտը, որը դաստիարակում է մեր երկրի ապագան և իր կարևոր պարտքն ունի հայրենիքի, ժողովրդի առջև:

Ապագա մանկավարժներին շնորհավորեց նաև Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանը՝ մաղթելով բարի երթ, հետաքրքիր ու բովանդակալից ուսումնական տարիներ։