ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ապագա մանկավարժը պրակտիկան անցկացնում է Չինարիում
15.10.2018
Ապագա մանկավարժը պրակտիկան անցկացնում է Չինարիում

Տավուշի մարզի Չինարի գյուղի դպրոցում իր մանկավարժական (կիրառական) պրակտիկան է անցկացնում Բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Կարինե Հովհաննիսյանը: 

Ուսանողուհին կամավորական սկզբունքով է մեկնել Չինարի՝ տեղում ծանոթանալու գյուղական դպրոցի առօրյային և նյութեր հավաքելու ավարտական աշխատանքի վերաբերյալ: Գյուղն ընդունել է ուսանողուհուն, տրամադրել կեցության պայմաններ:

Օրերս սահմանապահ գյուղի նույն դպրոցը հյուրընկալել էր Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանին և ՀՊՄՀ-ի Պրակտիկայի կենտրոնի ղեկավար Վահան Սարգսյանին:

94 աշակերտ ունեցող ազատամարտիկ Վահրամ Սաղոյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Գրետա Դալլաքյանը ողջունեց ուսանողուհու այս նախաձեռնությունը և ասաց, որ Կարինեն մայրաքաղաքից նոր շունչ է բերել իրենց դպրոց:

Այցի շրջանակներում բուհի ներկայացուցիչները ներկա եղան նաև ուսանողու վարած Հայ գրականության դասին՝ 7-րդ և 8-րդ երկկազմ դասարանում: Դեկան Աշոտ Գալստյանի խոսքով՝ ողջ դասաժամն անցկացվեց արդիականացված մեթոդներով. ուսանողուհին ոգևորված էր, աշակերրտները՝ հետաքրքրված:

Կազմակերպվեց նաև հանդիպում դպրոցի 12-րդ դասարանցիների հետ՝ ներկայացնելով բուհի պատմությունը, մասնագիտություններն ու ընդունելության կարգը: Նրանցից մի քանիսը արդեն որոշել են՝ ապագա մանկավարժներ են և հաստատ դիմելու են Մանկավարժական համալսարան:

Այցի շրջանակներում դպրոցի գրադարանին նվիրաբերվեց ֆակուլտետի ամբիոնների տրամադրած շուրջ 50 միավոր ուսումնամեթոդական գրականություն: