ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ապագան սկսվում է այստեղ»
16.07.2019
«Ապագան սկսվում է այստեղ»

Երբևէ կմտածեի՞ք, որ «Ամառային դպրոց» միջագային ծրագրին մասնկացելը կարող է ուսանողին տալ ավելի շատ փորձ ու նրա մոտ զարգացնել ավելի շատ կարողություններ, քան դրանք կիրագործվեին մեկ ուսումնական տարվա ընթացքում: Իրականում դա հնարավոր է:

Եվ այդ հնարավորությունը Մանկավարժական համալսարանի ուսանողներին տրվեց Մինկսում՝ Բելառուսի Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարանի իրականացրած ծրագրի ընթացքում: Ամառային դպրոցի տասն օրերի ընթացքում մեր բուհի ուսանողները հասցրին ընկերանալ Չինաստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի տարբեր բուհերի ուսանողների հետ:

Առաջին իսկ օրը մեկնարկած վարպետության դասերի և ինտելեկտուալ դասընթացների շնորհիվ ծրագրի մասնակիցները ծանոթացան բելառուսերենի առանձնահատկություններին և սկսեցին առաջին քայլերը՝ միմյանց հետ խոսելով նոր լեզվով:

«Ապագան սկսվում է այստեղ» խորագրով ամառային դպրոցի պաշտոնական բացման ընթացքում մասնակիցները հանդիպեցին Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարանի առաջին պրոռեկտոր Սվետլանա Կոպտևայի հետ, որը հաջողություն մաղթեց բոլորին և հույս հայտնեց, որ մասնակիցները տուն կվերադառնան Միսնկի մասին լավագույն հիշողություններով:

«Ամառային դպրոց»-ի կարևոր ձեռքբերումներից մեկն էլ տարբեր մշակույթներ կրող մասնակիցների շփումն ու ընկերությունն է, փոխադարձ հետաքրքրությունը մշակույթների, խոհանոցների ու ազգային առանձնահատկությունների հանդեպ:

Տասնօրյա ծրագրի ընթացքում մասնակիցներին բախտ վիճակվեց նաև մի քանի անգամ ներկա լինել այդ ընթացքում Մինսկում տեղի ունեցող 2-րդ Եվրոպական խաղերին:

Մինսկը բոլորին տպավորել էր իր մեծությամբ, մաքրությամբ ու բազմաթիվ կանաչ այգիներով: Կարելի է ասել, որ Մինսկը ետևում է թողել իր «խորհրդային» անցյալը: Չնայած այն Եվրոպայի միակ քաղաքներից է, որն ապրում է իր օրենքներով, ինքնակրթության սիրահարները այստեղ հաստատ կգտնեն իրենց գրախանութներն ու գրադարանները: Ի դեպ, Մինսկի ազգային գրադարանը մեկն է այն հսկա կառույցներից, որի տանիքին կարելի է վայելել քաղաքի լրիվ համայնապատկերը: Հենց այդ շենքում է գտնվում նաև Բելառուսի ազգային արխիվը, որտեղ ուսանողները ծանոթացան Հայրենական մեծ պատերազմին առնչվող որոշ փաստաթղթերին: Ամառային դպրոցի ընթացքում կատարված այցերից ուսանողներին տպավորել էին նաև Հայրենական Մեծ պատերազմի պատմական և Ազգային արվեստի թանգարանները, որոնք էլ ավելի մեծացրին հետաքրքությունը Բելառուսի պատմության հանդեպ:

Հենց այդ նպատակով կազմակեպված էքսկուրսիաները դեպի «Միռսկիյ» և «Նեսվիժ» պատմական ամրոցներ, Խատին պատմական գյուղն ու Բելառուսի ազգային ճարտարապետության ժողովրդական գյուղակ-թանգարան ամբողջացրին Բելառուսի պատմության մասին ուսանողների գիտելիքները:

Այս ամենի հետ մեկտեղ «Ամառային դպրոց»-ի անցկացումը համընկավ նաև Բելառուսի անկախության տոնի հետ: Այդ օրերի ընթացքում մայրաքաղաքը տոնական տրամադրությունների ու փայլերի մեջ էր: Ծրագրի մասնակից ուսանողները հնարավորություն ունեցան ներկա գտնվելու նաև Բելառուսի Անկախության տոնին նվիրված տոնական շքերթին:

Ծրագրի պաշտոնական փակման ընթացքում ուսանողները ստացան հավաստագրեր և հնարավորություն ունեցան միմյանց պատմելու իրենց երկրի կրթական համակարգի ու իրենց բուհերում տրվող կրթության առանձնահատկությունների մասին:


Սուսինա Խաչատրյան
ՀՊՄՀ-ի հեռուստալրագրության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի, «Ամառային դպրոց»-ի մասնակից