ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ նախաձեռնությամբ անցկացվեց «Ապահով դպրոց.կրթություն առանց բուլինգի» աշխատաժողով:
Ձեռնարկն ուղղված էր հանրակրթական դպրոցներում բռնությանն ու բուլինգին նպաստող միջավայրի ու գործոնների կանխարգելմանն ու բացառմանը, հակաբուլինգային միջոցառումների և դպրոցներում ընդհանուր դրական մթնոլորտի ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների բարելավմանը։
Ձեռնարկին մասնակցում էին կրթության ոլորտի, միջազգային և հանրապետական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների ուսուցիչներ, հյուրեր:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն օրվա թեման ներկայիս կրթահամակարգի ամենաակտուալ և կարևոր խնդիրներից մեկը համարեց.«Մենք շարունակաբար խոսում ենք կրթության որակի բարձրացման մասին, բայց պետք է նշել, որ այն պայմանավորված չէ միայն կրթության բովանդակությամբ և դասավանդման բուն առարկայական մեթոդներով, այլև դպրոցի կրթական միջավայրով, ուր երեխան լինում է ապահով, անվտանգ և կարողանում է ցուցաբերել բավարար առաջադիմություն, որքան իրենից ակնկալում են»:
Արաքսիա Սվաջյանը նկատեց՝ ամեն օր ստանում են բռնության վերաբերյալ ահազանգեր, ինչը նշանակում է, որ խնդիրներն անհանգստացնող են՝ նախադպրոցականից մինչև մասնագիտական ուսումնական հաստատություններ:
Նա հույս հայտնեց, որ աշխատաժողովում կմատնանշվեն են և գուցե կգտնվեն այն հիմնախնդիրների լուծումները, որոնք այսօր առկա են մեր դպրոցներում. բոլորը պետք է նպաստեն, որ ուսումնական հաստատություններն իրապես դառնան անվտանգ և ապահով միջավայր՝ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական տեսանկյունից։
Նախարարի տեղակալը խոսեց այդ ուղղությամբ Կառավարության մի շարք ծրագրերի մասին, կարևորեց նախադպրոցական հաստատություններում վաղ կանխարգելմանն ու հայտնաբերմանն ուղղված աշխատանքները, անդրադարձավ նաև նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման հարցերին, ընդգծելով՝ այն կապահովի մասնագիտական զարգացման առաջընթաց:
ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը ողջունեց ներկաներին համալսարանի հյուրընկալ հարկի ներքո և կարևորեց աշխատաժողովի թեմայի արդիականությունը։
Նա գիտական փաստերով խոսեց բուլինգի տարատեսակների մասին և նկատեց՝ հետազոտությունները փաստում են՝ այն ուրույն ազդեցություն է ունենում երեխայի ուղեղի, հոգեկան առողջության վրա և էլ ավելի դժվարացնում դպրոցներում երեխաների հետ տարվող աշխատանքը:
«Սա ավելի է ընդգծում մեր աշխատանքի կարևորությունը բուլինգի կանխարգելման գործընթացներում, ինչով պայմանավորված՝ Մանկավարժական համալսարանում բարեփոխվում են մասնագիտական կրթական ծրագրերը: Այս կարևորագույն գործառույթը ներդնում ենք, որպեսզի ապագա ուսուցիչները, մտնելով դպրոց, որոշակի գիտելիքներ ու հմտություններ ունենան, կարողանան աշխատել այս լուրջ խնդրի հետ, որը, ցավոք, սոցիալական մեդիայի հետ էլ ավելի է զարգանում»,-նշեց Մարիաննա Հարությունյանը:
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանն էլ իր ելույթում կարևորեց դպրոցների դերը երեխաների համար անվտանգ ու ապահով միջավայր ստեղծելու հարցում: Ընդգծեց՝ ձեռնարկն առաջինն է իր տեսակի մեջ և կունենա շարունակություն։
Նա խոսեց դպրոցների հակաբուլինգային քաղաքականության մշակման, առաջնահերթ խնդիրների ու դրանց ուղղված միջոցառումների, ստեղծված ուղեցույցների ու ձեռնարկների մասին:
Աշխատաժողովում ելույթ ունեցան նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի ղեկավարի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորյա Օհանյանը։
Նրանք ներկայացրին՝ ինչ է բուլինգը, կարևորեցին մանկավարժների ու ծնողների համատեղ աշխատանքը, նախանշեցին գործողություններ, որոնք կնպաստեն ապահով և անվտանգ կրթական միջավայրի ստեղծմանը:
Հետաքրքիր զեկուցումներ, ինտերակտիվ ելույթներ, վարպետաց դասեր․ օրվա բանախոսները հանդես եկան անդրադառնալով ուսուցչի բարեկեցությանը․ինչպես վառվել, բայց չայրվել, ուսուցիչ-սովորող դրական հաղորդակցմանը՝ որպես ապահով դպրոցական միջավայրի նախապայան, մեկուսացմանը՝ որպես սոցիալական բուլինգի դրսևորման ձև և դրա հաղթահարման հնարավոր ուղիներին, բուլինգի դեմ պայքարի հոգեբանական ռազմավարությանը, մանկավարժական աշխատանքում սթրեսին և դրա ինքնակարգավորմանը, բուլինգին առնչվող տարաբնութ խնդիրների: