Այսօր տեղի ունեցավ ԱՊՀ անդամ երկրների մանկավարժական բուհերի հանրային խորհրդի հերթական նիստը, որում քննարկվեց Բազային կազմակերպության՝ Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի 2018- 2019 թվականի գործունեության հաշվետվությունը:
Այն ներկայացրեց Հանրային խորհրդի նախագահ, պրոֆեսոր Ալեքսեյ Լուբկովը: Անդամ երկրների ռեկտորները, այդ թվում նաև ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, նիստին մասնակցեցին տեսակապի միջոցով: Սա արդեն ընդունված և արդյունավետ ձև է՝ հարցերը, տեղում առաջացած խնդիրներն արագ և հրատապ քննարկելու և լուծելու համար:
Բացի Բազային կազմակերպության հաշվետվությունից, քննարկվեցին նաև 2020 թվականի անելիքները՝ մանկավարժական կադրերի պատրաստման ընդհանուր մոտեցումների, ԱՊՀ անդամ երկրներում մանկավարժների որակավորման բարձրացման համատեղ ծրագրերի մշակում, մանկավարժական կրթության հեռանկարային զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում:
Բազային կազմակերպության՝ Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի և գործընկեր բուհերի միջև փոխգործակցության ամրապնդման նպատակով առաջարկվեց նախ փոխայցեր իրականացնել, շարունակել համատեղ կոնֆերանսներ, սպորտային մրցումներ կազմակերպելու արդեն ձևավորված ավանդույթը:
Մասնավորապես, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում առաջարկվեց իրականացնել Մաքսիմ Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի շաբաթ, իսկ Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի շաբաթ անցկացնել Նիզամիի անվան Տաշքենդի պետական մանկավարժական համալսարանում: 2020 թվականին նախատեսվում է կազմակերպել և անցկացնել մանկավարժական բուհերի երիտասարդ դասախոսների երրորդ միջազգային մրցույթը, իրականացնել միջազգային ֆորում ՙՄանկավարժական կրթությունը ԱՊՀ երկրներում. արդի վիճակը և ինտեգրացիոն զարգացման հեռանկարները՚ խորագրով, ինչպես նաև արագ շախմատի երկրորդ միջազգային մրցաշարը՝ ԱՊՀ անդամ երկրների մանկավարժական բուհերի դասախոսների և ուսանողների շրջանում:
Հաջորդ տեսակոնֆերանսը տեղի կունենա մայիսին: Մինչ այդ, նշված հարցերի շուրջ առաջարկությունները կներկայացվեն Բազային կազմակերպությանը: