ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ապրիլյան 4 օրը՝ ուսանողուհու գրքույկում  
30.01.2019
Ապրիլյան 4 օրը՝ ուսանողուհու գրքույկում   

«Դու ինձ ստիպեցիր հիշել այդ չարաբաստիկ օրերը, աղջի´կս: Սա կարևոր նախաձեռնություն է, հանձնի´ր տպագրության». Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից հերոսներից մեկի մոր այս խորհրդով առաջնորդվեց  ՀՊՄՀ-ի Բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Էմմա Սիմոնյանն ու հստակ որոշեց՝ գրի առնել հերոսամարտի մասնակիցների հետ զրույցներն ու այն հանձնել տպագրության՝ «Ապրելու ապրիլ» մակագրությամբ:

2-րդ կուրսի ուսանողուհին քառօրյայի մասնակից տղաների տարեկիցն է. հենց այդ փաստն ու երազը, որ գարնանային դաշտում զիվորների կռվի դրվագներ էին հիշեցնում, մղեցին Էմմային հանդիպել պատերազմի մասնակիցներին, զոհվածների ծնողներին ու ծառայակիցներին:

Հերոսների փնտրտուքը Էմմային ուղղորդեց մեր երկրի տարբեր մարզեր. հանդիպումներն ու զրույցները որքան տարբեր էին, այնքան էլ՝ նման, բնորոշ մի քանի գծերով. «Երիտասարդներին հերոս կոչելիս նրանք շիկնում էին, փոքր-ինչ բարկանում և պահանջում իրենց այլևս այդպես չկոչել: Նրանց կարծիքով, հերոս էին միայն իրենց նահատակված ընկերներն ու նրանց մայրերը»,-պատմում է ուսանողուհին ու հավելում՝ տղաներից շատերն էին ցանկանում եկեղեցում զրուցել, հանդիպել. գուցե դա ինչ-որ չափով օգնում էր նրանց:

Հեղինակը գրքի վրա աշխատել է շուրջ 6 ամիս, խոստովանում է՝ պատերազմից երկուսուկես տարի անց էլ կորցրած ընկերների մասին խոսելիս  տղաների աչքերը խոնավանում էին, չէին կարողանում թաքցնել վիշտը, որը փոխանցվում էր նաև իրեն, ապա նաև ընթերցողին:

Մանկավարժական համալսարանում կայացած գրքի շնորհանդեսին հրավիրված էին նաև հերոսները, զոհված զինվորների ծնողներն ու հարազատները՝ ևս մեկ անգամ համոզվելու, որ ապրիլյան պատերազմի մասին գրիչները դեռ չեն լռել, գրելու են այնքան ժամանակ, քանի դեռ ապրում է այդ օրվա հույզերն ու տագնապները տեսած վերջին ժամանակակիցը:

«Ապրիլյան քառօրյայի, տղաների սխրանքների մասին մենք ենք պատմելու եկող սերունդներին: Աղբյուր-հուշարձաններ, ասք-լեգենդներ դարձած տղաների հերոսությունների մասին կպատմի նաև այս գիրքը, որում գեղարվեստական շաղախով ներկայացված է իրականությունը՝ հայրենիքի պաշտպանության վեհ գործը»,-նշեց Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը, որը նաև գրքի խմբագիրն է:

Դեկանը վստահեցրեց, որ գրական առաջին քայլերը կատարող ուսանողուհու համար հեշտ չէ 70 էջի սահմաններում ամփոփել գոյապայքարի փաստագրությունը և հույս հայտնեց, որ այն կունենա շարունակություն:

Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը չթաքցրեց՝ անչափ հուզված է, բայց և ուրախ, որ ստեղծվեց առիթ խոնարհումը հայտնելու գոյամարտի հերոսներին, նահատակների ծնողներին: Վերջինս հավատացրեց՝ ամեն անգամ նրանց անունը լսելիս կամ նկարը տեսնելիս փոթորկվում է ամեն հայ մարդու ներաշխարհը. «Քրիստոնեության մեջ կա հավատ, որ նման նահատակները հավերժորեն ապրելու են Աստծո կողքին. ես ուզում եմ որ մենք դրան հավատանք»,-հավելեց Աելիտա Դոլուխանյանը:

Բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալ Նաիրա Խաչատրյանն էլ գրքին անդրադարձավ գրականագիտական տեսանկյունից՝ ընդգծելով, որ ապրիլյան քառօրյայի թեմայով գրված բազմաթիվ գրքերի կողքին «Ապրելու ապրիլ»-ը, որպես տարեգրություն ու վավերագրություն, կփոխանցվի ապագային:

«Պատերազմի մասին գրելու իրավունք ունեն նրանք, ովքեր մասնակցել են ռազմական գործողություններին, սակայն պատերազմի 96-ժամյա տագնապներն ու հույզերն այնպես են ներծծված յուրաքանչյուրիս մեջ, որ դարձել են ոգևորության, նոր սխրանքներ կատարելու, հաղթանակներ գրանցելու աղբյուր: Մեր պատվի հանդեպ ցանկացած ոտնձգություն դատապարտված է պարտության, քանի դեռ գրվում են այսպիսի գրքեր, ծնվում են հերոսներ ծնող մայրեր, և կա այսպիսի ժողովուրդ, որ մեծարում է զինվորին ու հպարտանում նրա հերոսությամբ»,-նշեց Նաիրա Խաչատրյանն ու ընդգծեց՝ գրքի լույսընծայմամբ Էմմա Սիմոնյանը հավաստեց, որ մտածել է ռազմի դաշտում կռվող զինվորի պես,  հայրենիքի մի մասնիկն  է զգացել և առաջ նայել՝ առանց ծանրութեթև անելու հայրենիքին պիտանի լինելու մղումը:

Զինվորներն ու հերոսների մայրերը շնորհակալություն հայտնեցին գրքի լույսընծայման համար, որը եկող սերունդներին հնարավորություն կտա ծանոթանալ պատմության հերոսական էջերին, հիշել նրանց անուններն ու ևս մեկ անգամ համոզվել, որ հայ զինվորը քաջ է, անվախ, ժողովուրդը՝ պայքարող, անարդարության առաջ գլուխ չխոնարհող: