ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Առաջին սրճարան-գրադարանը Մանկավարժականում
18.01.2018
Առաջին սրճարան-գրադարանը Մանկավարժականում

Մանկավարժական համալսարանում նորաոճ և նրբաճաշակ ժամանացի վայր ստեղծելու միտքը փոքրաթիվ երիտասարդների խմբին ստիպեց իրականացնել առաջին հայացքից համարձակ թվացող գաղափարը:

Նրանց նախաձեռնությամբ նոյեմբերից համալսարանի բարձրահարկ մասնաշենքի 5-րդ հարկում գործում է գեղեցիկ տեսարանով, ինքնատիպ տեսականիով, հյուրընկալ մթնոլորտով, իր ոճով և դիզայնով առանձնացող սրճարան-գրադարան:

Հայաստանյան բուհական իրականությունում նորույթ համարվող ժամանացի վայրը նպատակ ունի ոչ այնքան բավարարելու այցելուների քաղցը, որքան ստեղծելու ընթերցանության համար հարմարավետ և հաճելի միջավայր: Սրճարան-գրադարանը կարճ ժամանակահատվածում հասցրել է ձեռք բերել մշտական այցելուներ՝ ինչպես պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ ուսանողների շրջանում:

Մի գավաթ սուրճի, թեյի սեղանի շուրջ նրանք օգտվում են մասնագիտական և գեղարվեստական գրականությունից, ուսանողների լավագույն գիտական աշխատություններից, քաղցրահամ մենյուից հագեցած՝ քննարկում նոր գաղափարներ:

«Այցելուների համար ջերմ ու հարմարավետ միջավայր ստեղծելու ձգտումը կարծես հաջողվել է: Քաղաքի լավագույն ժամանցային վայրերին հատուկ մենյու ունեցող սրճարան-գրադարանն առանաձնանում է գնային քաղաքականությամբ. բարձրակարգ սուրճն ու համեղ թխվածքներն այստեղ կարելի է համտեսել՝ առանձնապես չվնասելով գրպանի պարունակությանը: Սովորաբար, տնօրինությունը հյուրասիրում է նաև նրանց, ովքեր չէին նախատեսել ընթերցանությանը զուգահեռ համեղ սնվել»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց տնօրեն Աստղիկ Սարգսյանը:

Վերջինս վստահեցնում է՝ թիմի հիմնական գաղափարը, այնուամենայնիվ, գրադարանային նոր մշակույթի ձևավորումն է, որը կստիպի գալ, հետաքրքրվել առկա գրականությամբ և ինչու ոչ՝ նաև սեփական նախաձեռնությամբ համալրել դրանց շարքը:

Նորաբաց սրճարան-ընթերցասրահը թեպետ տարածքով փոքր է, սակայն այստեղ առկա են նաև համակարգիչներ, անցկացվում են սեմինարներ, թրեյնինգներ, իսկ տնօրենի վստահությամբ՝ առաջիկայում  կկազմակերպվեն նաև  բանավեճեր, հետաքրքիր հանդիպումներ:

«Մենք սիրում ենք համեղ սնվել, զուգահեռ նաև օգտվել մասնագիտական գրականությունից: Հետաքրքիր դիզայնով, իր մաքրությամբ, հաճելի սպասարկումով և ախորժելի սննդակարգով այս սրճարան-գրադարանն ինձ և ընկերներիս տալիս է այդ հնարավորությունը»,- aspu.am-ի հետ զրույցում նշեց այցելուներից Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող Գայանե Պապիկյանն ու հավելեց՝ ոճային այս վայրը նոր թարմություն բերեց ուսանողական առօրյային: