ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Առաջին զանգը՝ ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանում
01.09.2017
Առաջին զանգը՝ ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանում

Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը տոն է բոլորի համար: Օրն իր հետ բերում է բարություն, ուրախություն և հավատ ապագայի նկատմամբ: Նոր ուսումնական տարվա սկիզբն ազդարարվեց նաև Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանում (ավագ դպրոց):

143 աշակերտ նոր նպատակներով ու երազանքներով առաջին անգամ ոտք դրեց ՀՊՄՀ-ի հենակետային վարժարան: Վարժարանի սաներին, ուսանողներին, մանկավարժներին, պրոֆեսորադասախոսական կազմին, գիտության ու կրթության գործի նվիրյալներին ողջունեց և շնորհավորեց վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը:

«Նոր ուսումնական տարին պարտավորեցնող է բոլորիս համար, որովհետև կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումների հաջողությունը կախված է յուրաքանչյուրիս հետևողական աշխատանքից ու նվիրումից: Պատահական չէ, որ սեպտեմբերի 1-ը նշվում է նաև որպես գիտելիքի օր, գիտելիք, որը հազարամյակներ շարունակ եղել է մեր ժողովրդի գերագույն արժեքներից մեկը»,-նշեց Նաիրա Սաֆարյանն ու հաջողություն մաղթեց բոլորին ուսումնառության, ազգային կրթության ու հայեցի դաստիարակության հայրենանվեր գործում:

Վարժարանի լրագրության հոսքի աշակերտներին դիմավորեց և շնորհավորեց նաև ՀՊՄՀ-ի Հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանը:
«Գիտելիքի աշխարհը նման է մի իրավիճակի, որտեղ բացում ես փակ դռները, որպեսզի տեսնես, թե դռնից այն կողմ ինչ կա, և վարագույրը հետ ես տանում՝ բացահայտելու գիտելիքի ճանաչման ճանապարհը»,- ասաց Լևոն Գալստյանը և հավելեց, որ ամբիոնը պատրաստ է համագործակցել և օգնել ապագա լրագրողներին ամեն հարցում:

«Մենք միասին անցնելու ճանապարհ ունենք, ամբիոնում ունենք բոլոր հնարավորությունները ձեր մասնագիտական կայացմանը նպաստելու համար»,- ամփոփեց Լևոն Գալստյանը:

Վարժարանի նորեկների համար անակնկալ էր պատրաստել դպրոցի աշակերտական խորհուրդը. պատահականության սկզբունքով ընտրված կրթության վերաբերյալ աֆորիզմները աշակերտների համար խորհրդանշեցին նոր ուսումնական տարվա սկիզբը: