ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Առաջին զանգը ՀՊՄՀ-ում, բուհի հիմնական և ավագ դպրոցներում
02.09.2019
Առաջին զանգը ՀՊՄՀ-ում, բուհի հիմնական և ավագ դպրոցներում

Սեպտեմբերի 1-ին Գիտելիքի, գրի և դպրության օրը ուսումնական տարվա մեկնարկն ազդարարվեց նաև Մանկավարժական համալսարանում, բուհի հիմնական և ավագ դպրոցներում:

Այս ուսումնական տարում ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները Գիտելիքի օրը նշեցին Սիմոն Վրացյան 75 հասցեում գտնվող նոր շենքում. 400-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցն այս տարի ընդունեց երկու 1-ին դասարան:

Դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը ուսումնական տարեսկզբի առթիվ շնորհավորեց աշակերտներին և նրանց ծնողներին ՝ վստահեցնելով, որ փորձառու ուսուցիչներն ամեն ինչ անում են աշակերտներին գիտելիքներով զինելու և նրանց դպրոցական առօրյան լավ կազմակերպելու համար:

«Ամեն սերունդ իր հետ մի նոր գույն է բերում, մի նոր էջ բացում դպրոցի պատմության մեջ»,-նշեց Նաիրա Տողանյանն ու ընդունեց խորհրդանշական այն բանալին, որն աշակերտները փոխանցում են ավանդաբար՝ վստահեցնելով, որ գիտելիքը, միայն գիտելիքն է կյանքի ճանապարհը խորհրդանշող լույսի շողը:

Ուսումնական տարվա սկիզբն ազդարարվեց նաև Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանում (ավագ դպրոց):

6 ենթահոսքերի 144 աշակերտ նոր նպատակներով ու երազանքներով առաջին անգամ ոտք դրեց ՀՊՄՀ-ի հենակետային վարժարան: Վարժարանի սաներին, ուսանողներին, մանկավարժներին, պրոֆեսորադասախոսական կազմին, գիտության ու կրթության գործի նվիրյալներին ողջունեց և շնորհավորեց վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը:

«Դուք այսօր ունեք լավ կրթություն ստանալու հնարավորություն. վարժարանում կան բոլոր հնարավոր պայմանները, որպեսզի դուք կարողանաք լիարժեք կրթություն ստանալ, բացահայտել ու բազմապատկել ձեր բազմապիսի ընդունակությունները: Մաղթում եմ, որ լավ սովորեք, դառնաք մեր հայրենիքի լավ քաղաքացիներ և ձեր արժանի տեղը գտնեք կյանքում՝ նպաստելով Հայաստանի առաջընթացին: Թող այսօրվա բարձր տրամադրությունը ձեզ ուղեկցի ոչ միայն այս ուսումնական տարում, այլև առաջիկա տարիներին և ամբողջ կյանքում»,-նշեց Նաիրա Սաֆարյանն ու վարժարանցիներին մաղթեց հաջողություններով, նվաճումներով ու խինդով լի ուսումնական տարի:

2019-2020 ուսումնական տարում Մանկավարժական համալսարանն իր դռները բացեց առկա համակարգում սովորող բակալավրիատի շուրջ 750 և մագիստարտուրայի 450 առաջին կուրսեցիների առջև:

Յուրաքանչյուր ֆակուլտետ յուրովի էր պատրաստվել նորեկներին դիմավորելուն: Բուհի 10 ֆալուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, կուրսերի ղեկավարները, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողական կառույցների ներկայացուցիչները շնորհավորեցին և իրենց ջերմ բարեմաղթանքները հղեցին ապագա մանկավարժներին: 

Նրանք իրենց շնորհավորական ուղերձներում ընդգծեցին, որ Մանկավարժական համալսարանը տասնամյակներ շարունակ կրթում և դաստիարակում է մեր երկրի ապագա սերնդին՝ մնալով ՀՀ-ում առաջատար մանկավարժական բուհը: Նրանք ևս մեկ անգամ ընդգծեցին, որ մանկավարժը եղել և մնում է անձնվեր աշխատանքի, անսպառ նվիրումի չափանիշ:

Մանկավարժական համալսարանը շնորհավորում է բոլոր աշակերտներին, ուսանողներին, մանկավարժներին, կրթության գործի նվիրյալներին, մաղթում լուսավոր ճանապարհ, արգասաբեր և նվաճումներով, ձեռքբերումներով լի նոր ուսումնական տարի: