ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Արայիկ Հարությունյանն ընդունել է Սան Խոսեի պետական համալսարանի ռեկտոր Մարի Փափազյանին
02.11.2018
Արայիկ Հարությունյանն ընդունել է Սան Խոսեի պետական համալսարանի ռեկտոր Մարի Փափազյանին

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ընդունել է Սան Խոսեի պետական համալսարանի ռեկտոր Մարի Փափազյանին:

Հանդիպմանը ներկա էր նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:

Արայիկ Հարությունյանը ներկայացրեց բարձրագույն կրթության երեք աստիճաններում ընթացող բարեփոխումների հիմնական ուղղությունները և այդ համատեքստում կարևորեց միջազգային փորձի ուսումնասիրությունը: Նրա խոսքով` բարեփոխումների փուլում անչափ կարևոր են Մարի Փափազյանի նման մեծ ավանդ ունեցող մասնագետների կառավարման և մասնագիտական փորձն ու գիտելիքները:

Անդրադառնալով բուհական ոլորտի հիմնախնդիրներին և դրանց ուղղությամբ նոր իշխանությունների քաղաքականությանը՝ ԿԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ներկայումս մշակվում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը, որը, ի թիվս այլ փոփոխությունների, նաև ներկայացնելու է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների միասնական օրենսդրական կարգավորումները:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում բուհերի խոշորացման և միավորման ուղղությամբ, որի համատեքստում կարևորվելու է նաև հետազոտական ինստիտուտների և բուհերի համագործակցությունը:

Խոսելով ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների մասին՝ ԿԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ նախանշվող փոփոխությունների համատեքստում կարևոր է Սան Խոսեի համալսարանի փորձն ու աջակցությունը:

Սան Խոսեի պետական համալսարանի ռեկտոր Մարի Փափազյանը գնահատել է Հայաստանի կրթության համակարգի բարեփոխումներին միտված նոր իշխանությունների ջանքերը և պատրաստակամություն հայտնել աջակցել ուսուցիչների վերապատրաստման, ուսումնական ծրագրերի, կրթակարգի վերամշակման և այլ գործընթացներին:

Հանդիպմանը անդրադարձ է եղել գիտակրթական ոլորտին վերաբերող այլ հարցերի:

Տեղեկատվությունը՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարության պաշտոնական  կայքից