ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Արցախի համալսարանների ուսանողները կարող են այս օրերին կրթություն ստանալ Մանկավարժական համալսարանում
16.10.2020
Արցախի համալսարանների ուսանողները կարող են այս օրերին կրթություն ստանալ Մանկավարժական համալսարանում

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ղեկավարությունը, աշխատակիցները, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողական խորհուրդը տարբեր ուղղություններով շարունակում են աջակցություն ցուցաբերել Արցախի պաշտպանության բանակին և արցախահայությանը: Այս համատեքստում դասախոսները և ուսանողները շարունակաբար օգնում են Արցախից Հայաստան եկած մարդկանց՝ բնակվելու վայրի, ինչպես նաև փոքրիկների ուսուցումը կազմակերպելու և հոգեբանական մասնագիտական աջակցություն ցուցաբերելու գործում:

ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը կարևորում է այս օրերին համալսարանի կողմից կազմակերպվող մարդասիրական տարբեր ձեռնարկները, որոնք կրում են շարունակական բնույթ:

Արցախցի դպրոցահասակ երեխաներին բուհը պատրաստակամորեն ներգրավում է ՀՊՄՀ հիմնական և ավագ դպրոցներում։

Մյուս կարևոր հարցը Արցախի պետական համալսարանի ուսանողներին բուհի ուսումնական գործընթացում ներգրավելու ծրագրի իրականացումն է, որին արդեն ձեռնամուխ են եղել համալսարանական ֆակուլտետների ղեկավարներն ու պրոֆեսորադասախոսական կազմը: Ծրագիրը հնարավորություն կտա արցախցի ուսանողներին՝ իրացնել կրթություն ստանալու իրենց իրավունքը, պատերազմի պատճառով հետ չմնալ ուսումնական դասընթացներից:

Արցախի պետական համալսարանի և մյուս համալսարանների բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով առկա և հեռական համակարգերի սովորող ուսանողները կարող են միանալ Մանկավարժական համալսարանի ուսումնական գործընթացին ըստ համապատասխան ֆակուլտետների և մասնագիտությունների: Նրանք կարող են դիմել Մանկավաժական համալսարանի ֆակուլտետների դեկանատներին՝ միանալով բուհի հեռավար դասընթացներին:

Առկա և հեռակա համակարգերում արդեն բուհի կրթական ծրագրերով սովորում են մի շարք արցախցի ուսանողներ:

Համալսարանի ղեկավարությունն իր պարտքն է համարում հնարավորինս կազմակերպել արցախցի ուսանողների կրթությունը:

Սիրելի արցախցի ուսանողներ, մանրամասների համար դիմեք համապատասխան ֆակուլտետներին, որտեղ սիրով կպատասխանեն ձեր հարցերին: