ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Առցանց ցուցադրություն` «Թանգարանային գիշեր»-ի շրջանակներում
17.05.2021
Առցանց ցուցադրություն` «Թանգարանային գիշեր»-ի շրջանակներում

ՀՊՄՀ թանգարանը կմասնակցի «Թանգարանային գիշեր»-ի շրջանակներում անցկացվող միջոցառումներին: Այս տարի այն կրում է «Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել» խորագիրը:

ՀՊՄՀ գիտական թանգարանը, համագործակցելով հանրապետության թանգարանների հետ, այս անգամ կներկայացնի «Էջեր մանկավարժության պատմությունից» խորագիրը կրող առցանց ցուցադրություն: Ի դեպ, այն միակն է ՀՀ բուհական թանգարաններից, որ ամեն տարի մասնակցում է Թանգարանների միջազգային օրվան նվիրված «Թանգարանային գիշեր» միջոցառմանը։

Ցուցադրությունը ներկայացնում է Հայաստանի թանգարանների ֆոնդում պահվող կրթական հաստատությունների, մանկավարժների, գրողների, ճանաչված և մեծանուն անձանց լուսանկարներն ու նրանց մտքերը մանկավարժական գործունեության, դրա կարևորության, հետագա սերունդներին կիրթ և գրագետ դաստիարակման վերաբերյալ: Ցուցադրության նպատակն է ևս մեկ անգամ վերաիմաստավորել ինչպես մանկավարժության պատմությանը, այնպես էլ ընդգծել ուսուցչի և մանկավարժության դերը ազգի և սերունդների դաստիարակման գործում:

Նշենք, որ Թանգարանների միջազգային օրը մայիսի 18-ին նշվող ամենամյա տոն է, որը 1978 թ-ից նշվում է աշխարհի ավելի քան 150 երկրում, այդ թվում` նաև Հայաստանում: Տոնի շրջանակում անցկացվում է «Թանգարանների գիշեր». Հայաստանի թանգարանները միջոցառմանը միացել են 2005 թվականից. այդ օրը թանգարաններն այցելուների համար բաց են երեկոյան 18:00-ից մինչև կեսգիշեր:

Ի դեպ, ՀՊՄՀ թանգարանի ավագ գիտաշխատող Լիլիթ Սեփյանը մասնակցել է Թանգարանների միջազգային օրվա թեմային համահունչ` ԻԿՕՄ Հայաստանի և Վիքիմեդիա Հայաստանի կողմից կազմակերպված «Թանգարանների ներկայությունը Վիքի նախագծերում» թեմայով Վիքիպեդիայում խմբագրական մրցույթին և սկսնակ խմբագրողների համար վիքի խմբագրման դասընթացին: Այդ շրջանակներում նա ստեղծել է հոդված՝ «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական թանգարան» թեմայով, որն արդեն հասանելի է Վիքիպեդիա հարթակում: