ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Առցանց դասախոսությունների շարք` գործընկեր բուհերի հետ համագործակցությամբ
26.02.2021
Առցանց դասախոսությունների շարք` գործընկեր բուհերի հետ համագործակցությամբ

Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը նախաձեռնել է առցանց դասախոսությունների շարք:

«Ոսկե դասախոսությունների» նախագծին միացել են ԱՊՀ երկրների մանկավարժական առաջատար բուհերը: Վեբինարի կազմակերպիչները դասախոսություններին մասնակցելու են հրավիրում դասավանդողներին, ասպիրանտներին, մագիստրոսներին, ուսանողներին, խնդրով շահագրգիռ բոլոր ցանկացողներին:

Առաջին դասախոսությունն անցկացվեց Մանկավարժական համալսարանի ինորմատիկայի լսարանում, որին միացել էին բուհի ուսումնագիտական գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանն ու մանկավարժության ամբիոնի դասախոսները:

Դասախոսության բանախոսը Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Ի. Ա. Ժիգուրևն էր, թեման`«Ճգնաժամի անատոմիան. արդյո՞ք կան մարդկության կայուն զարգացման հնարավորություններ»: Դոկտոր Ի. Ա. Ժիգուրևը խոսեց ներկա ժամանակաշրջանում մարդկությանը սպառնացող մարտահրավերների և հնարավոր լուծումների շուրջ, ներկայացրեց մտահոգիչ հարցադրումներ:

Պրոֆեսոր Ժիգուրևն անդրադարձավ նաև մարդկությանը սպառնացող էկոլոգիական աղետին, վերացող ռեսուրսներին, շրջակա միջավայրի աղտոտվածությանը, էկոլոգիական խնդիրներին և որպես կարևոր աղբյուր՝ արևային էներգիայի օգտագործման, նաև հողմաղացների կիրառման անհրաժեշտությանը, որոնք որևէ կերպ չեն խախտում երկրագնդի տաքացման հավասարակշռությունը:

Առցանց վեբինարի մասնակիցները ծանոթացան նաև մի շարք այլ խնդիրների, միաժամանակ առաջարկվող լուծումներին, իրազեկվեցին մարդկությանն ու երկրագնդին օրեցօր սպառնացող վտանգավոր մարտահրաերների մասին:

Նշենք, որ առաջիկայում փոխադարձ դասախոսություններով հանդես կգան Մոսկվայի, Տոմսկի, Տաջիկստանի, Ռուսաստանի Ա. Ի. Գերցենի, Կրասնոյարսկի Վ. Պ. Աստաֆևի, Մոլդովայի սլավոնական, Ղրղզստանի Ի. Արաբաևի, Յարոսլավի Կ. Դ. Ուշինսկու և Մանկավարժական համալսարանների դասախոսները:

Դասախոսությունները շարունակական են և կտևեն մինչև ընթացիկ տարվա սեպտեմբեր ամիսը: