ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Առցանց հանդիպում՝ ARMDOCT-ի շրջանակներում
20.06.2022
Առցանց հանդիպում՝ ARMDOCT-ի շրջանակներում

Օրերս Էրազմուս+ ARMDOCT «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» ծրագրի շրջանակներում կայացավ առցանց հանդիպում՝ ծրագրի գործընկեր հայաստանյան և եվրոպական համալսարանների, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչների մասնակցությամբ:

ՀՊՄՀ-ից մասնակցում էին ծրագրի ինստիտուցիոնալ ղեկավար, Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանն ու Միջազգային համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Ռաիսա Ավետյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին աշխատանքային փաթեթների իրականացման արդյունքներն ու հետագա պլանավորումը, մասնավորապես՝ 3-րդ աշխատանքային փաթեթի պլանավորման աշխատանքները:

Այն նախատեսում է համալսարաններում դոկտորական դպրոցների գործարկմանն առնչվող փաստաթղթերի մշակում, այդ թվում՝ ընդունելության պայմանները, տևողությունը, գնահատման համակարգը և կրեդիտների բաշխումը, դոկտորական դպրոցի անդամների պարտականությունները, համագործացկությունը միջազգային կրթական և գիտական կազմակերպությունների հետ և այլն: Հայաստանյան համալսարանների ներկայացուցիչները ներկայացրին նաև 4-րդ աշխատանքային փաթեթի վերաբերյալ իրենց մոտեցումները: Ի դեպ, 4-րդ աշխատանքային փաթեթով նախատեսվում է համալսարաններում ստեղծել դոկտորական դպրոցներ, որոնք միջառարկայական տիրույթում կխթանեն միջհամալսարանական համագործակցությանը:

ՀՊՄՀ-ի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը ներկայացրեց բուհում դոկտորական դպրոցի գործարկման վերաբերյալ աշխատանքային խմբի քննարկման արդյունքները: Նշենք, որ Մանկավարժական համալսարանը նախատեսում է հատուկ և ներառական կրթության ուղղությամբ դոկտորական դպրոցի ստեղծում, ինչը կնպաստի մի շարք հայաստանյան և արտասահմանյան բուհերի հետ համագործակցությանը: