ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Առցանց հանդիպում՝ ERASMUS+ MODEST ծրագրի շրջանակներում
28.09.2021
Առցանց հանդիպում՝ ERASMUS+ MODEST ծրագրի շրջանակներում

ERASMUS+ MODEST ծրագրի ընթացիկ հանդիպում-քննարկումն անցկացվեց առցանց ձևաչափով:

ERASMUS+ MODEST /Գիտության ոլորտում հետբուհական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը/ եռամյա ծրագրի նպատակն է հետբուհական կրթության ոլորտում Եվրոպական Բարձրագույն Կրթական տարածքի (EHEA) և Եվրոպական Հետազոտական տարածքի (ERA) շրջանակներում գործընկեր երկրների բուհերի համագործակցային կարողությունների ընդլայնումը:

Հանդիպում-քննարկման ընթացքում վերանայվեցին կատարված գործողությունները, հստակեցվեցին հետագա քայլերը, սահմանվեցին վերջնաժամկետներ. գործընկեր յուրաքանչյուր բուհ պարտավորվեց ծրագրի շրջանակներում սահմանված նպատակներին հասնելու համար իրականացնել բոլոր գործողությունները:

Ծրագիրը նախատեսում է վերապատրաստումներ և դոկտորական կրթական ծրագրերում նոր մոդուլային դասընթացների ներդրում:

ERASMUS+ MODEST ծրագրի համակարգողն է Լատվիայի համալսարան, իսկ ՀՊՄՀ-ն գործընկեր բուհ է: Պայմանավորված COVID-19 համավարակով՝ ծրագիրը երկարացվեց ևս մեկ տարով. վերջնաժամկետ սահմանվեց 2022 թվականի նոյեմբերը:

Ծրագիրն իր առջև խնդիր է դրել բարելավել գործընկեր երկրների բուհերի հետբուհական կրթությամբ շրջանավարտների որակը և աշխատաշուկայում մրցունակությունը միջդիսցիպլինար կրթության, միջազգայնացման, շարժունության ընդլայնման, նորագույն դասավանդման մեթոդաբանության կիրառման միջոցով՝ Զալցբուրգյան սկզբունքների համատեքստում:

ERASMUS+ MODEST-ը նաև կնպաստի Բոլոնյան բարեփոխումների և գործիքակազմին համապատասխանելիությունը` կազմակերպելով հատուկ վերապատրաստումներ գործընկեր երկրների բուհերի, ակադեմիական և վարչական աշխատակիցների համար:
Դասավանդման նորագույն մեթոդաբանության թեմայով վերապատրաստումների միջոցով կբարելավվի պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական որակավորումը, ինչպես նաև կստեղծվի նորագույն կրթական և հետազոտական ուսանողակենտրոն միջավայր, կարողությունների զարգացմանը նպաստող կրթական ծրագիր:

ERASMUS+ MODEST ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև զարգացնել հետբուհական կրթության և հետազոտության ծառայությունների կառուցվածքային և ներքին կարողությունները՝ գործընկեր երկրների բուհերում ստեղծելով վերապատրաստման կենտրոններ:
Կապահովվի նաև վերջիններիս կայունությունը և համագործակցությունը ԵՄ գործընկերների հետ՝ ստեղծելով մասնագիտական ցանց և կիրառելով ժամանակակից տեղեկատվական, հաղորդակցման միջոցներ: