ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Առցանց հանդիպումներ MODEST ծրագրի շրջանակներում
09.06.2020
Առցանց հանդիպումներ MODEST ծրագրի շրջանակներում

Էրազմուս+ MODEST (Գիտության ոլորտում հետբուհական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը) ծրագրի գործողությունների իրականացումը շարունակվում է առցանց հարթակներում։

Ապրիլի 7-ին ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Դոկտորական կրթական ծրագրերի մշակում և կրթական վերջնարդյունքներ» խորագրով առցանց վերապատրաստում։

Վերապատրաստմանը մասնակցում էին ՀՊՄՀ-ի Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Լուսինե Ղուլղազարյանը, Ինֆորմատիկայի և նրա դասավանդման ամբիոնի դոցենտ Սամվել Ասատրյանը և Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանը։ Վերապատրաստման ընթացքում ներկայացվեց  Հայաստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Լատվիայում, Ֆինլանդիայում և Մեծ Բրիտանիայում իրականացվող դոկտորական կրթական ծրագրերի բովանդակությունը և մշակման գործընթացը, ինչպես նաև փոխանցելի հմտությունների դերը և կիրառումը եվրոպական համալսարանների կրթական ծրագրերում։

Հելսինկի համալսարանի համակարգմամբ մայիսի 26-27-ը տեղի ունեցան առցանց հանդիպումներ «Դոկտորական վերապատրաստումների կազմակերպումը և ղեկավարումը և հետազոտության մեթոդաբանությունը» թեմայով։ Հանդիպումներին մասնակցում էին Կրթության որակի ապահովման և կառավարման բաժնի պետ Մարիամ Գևորգյանը, մանկավարժության ամբիոնի դոցենտ Սվետլանա Մինասյանը, միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանը, ինչպես նաև ՀՊՄՀ-ի շուրջ 20 ասպիրանտ և հայցորդ։ Հանդիպմանը ներկայացվեցին Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի դոկտորական կրթությունում առկա խնդիրները, ծրագրի շրջանակներում դոկտորական վերապատրաստման կենտրոնների ստեղծման գործընթացը, հետազոտության առևտրակայնացումը, Հելսինկիի համալսարանի Հայթիալա միջազգային հետազոտական կենտրոնի աշխատանքը և այլն։

Հիշեցնենք, որ Էրազմուս+ MODEST (Գիտության ոլորտում հետբուհական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը) ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին։ Ծրագրի նպատակն է Եվրոպական Բարձրագույն Կրթական տարածքի (EHEA) և Եվրոպական Հետազոտական տարածքի (ERA) շրջանակներում գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցային կարողությունների ընդլայնումը հետբուհական կրթության ոլորտում: