ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Առցանց մշտադիտարկում ՀՊՄՀ-ի աշխատանքային խմբի հետ
23.09.2020
Առցանց մշտադիտարկում ՀՊՄՀ-ի աշխատանքային խմբի հետ

Էրազմուս+ ազգային գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կառլովան և ծրագրի պատասխանատու Անի Թորոսյանը Էրազմուս+ MODEST /Գիտության ոլորտում հետբուհական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը/ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում իրականացրին առցանց մշտադիտարկում ծրագրի ՀՊՄՀ-ի աշխատանքային խմբի հետ:

Մշտադիտարկման նպատակն էր ծանոթանալ ծրագրի ընթացքում իրականացված աշխատանքներին, համակարգման հետ կապված հարցերին, ինչպես նաև ընթացքի և արդյունքների տարածմանը ՀՊՄՀ-ում:

Գրասենյակի աշխատակիցները գնահատեցին ծրագրի ընթացքն ըստ հաստատված ժամանակացույցի և բյուջեի, ապա տվեցին ծրագրի բարելավմանն ուղղված առաջարկներ ու խորհուրդներ:

ՀՊՄՀ-ի համակարգող թիմում էին Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանը, նույն բաժնի աշխատակցուհի Ռաիսա Ավետյանը, Մաթեմատիկայի և դրա դասավանդման ամբիոնի վարիչ Լուսինե Ղուլղազարյանը, Ինֆորմատիկայի և դրա դասավանդման ամբիոնի դոցենտ Սամվել Ասատրյանը և Որակի ապահովման և կառավարման բաժնի պետ Մարիամ Գևորգյանը:

Վերջիններս ներկայացրին ծրագրի իրականացված գործողությունները և ձեռքբերումները:

Նշենք, որ Էրազմուս+ MODEST (Գիտության ոլորտում հետբուհական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը) ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին։ Ծրագրի նպատակն է Եվրոպական Բարձրագույն Կրթական տարածքի (EHEA) և Եվրոպական Հետազոտական տարածքի (ERA) շրջանակներում գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցային կարողությունների ընդլայնումը հետբուհական կրթության ոլորտում: ՀՊՄՀ-ն հանդիսանում է ծրագրի գործընկեր համալսարան: