ՀՊՄՀ Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվեց «COVID-ը մեզ հետ, մեր կողքին» խորագրով սեմինար։
Առցանց սեմինարը, որին զեկույցներով հանդես եկան տարբեր ֆակուլտետների ուսանողներ, կազմակերպվել էր ուսանողների իրազեկվածությունը բարձրացնելու, հակահամաճարակային կանոնները ևս մեկ անգամ վերհիշելու և տարաբնույթ ուսումնասիրությունների փոխանակման նպատակով։
Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Նարինե Սահակյանը կարևորեց ձեռնարկի անցկացումը և խոսեց ամբողջ աշխարհում և ՀՀ-ում Covid-19-ի հիմնախնդիրների մասին։ Նա այն կարծիքին է, որ վիրուսի փոխանցումը կանխելու և հնարավորինս նվազեցնելու լավագույն միջոցը տեղեկացված լինելն է: «Չնայած նրան, որ աշխարհում դեռ չկա բացատրություն, թե ինչով է պյամանավորված հիվանդության ընթացքն այս կամ այն մարդու մոտ, բայց արդեն կարելի է հետևություններ անել, առողջացած օրգանիզմի վրա նրա թողած հետևանքների վերաբերյալ»,-նշեց Նարինե Սահակյանն ու խոսեց նաև մեր հանրապետությունում տարվող գիտական հետազոտությունների, համաճարակի դեմ համաշխարհային պայքարի և հասրակության շրջանում տարածված մի շարք թյուր կարծիքների մասին։
Ուսանողներն իրենց զեկույցներում նախ ներկայացրին տարբեր ժամանակներում աշխարհին պատուհասած տարբեր վարակները, դրանց առաջացման պատճառների ու վարկածների մասին, ապա անդրադարձան թագավարակի բռնկման ալիքներին, արտահայտման ձևերին և այլն։ Կոկորդի, գլխի, մկանային կամ ոսկրային ցավեր, համի և հոտի զգացողության բացակայություն, աղեստամոքսային համակարգի խանգարման դրսևորումներ այլն․ ապագա մանկավարժները ևս մեկ անգամ նշեցին Covid – 19-ի արտահայտման ձևերն ու անդրադարձան համավարակի բուժման տարաբնույթ մոտեցումներին, կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումներին, տարածման վիճակագրական ցուցանիշներին և այլն։ Ներկայացվեց նաև վարակի և արյան տարբեր խմբերի միջև կապը, որի ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել՝ արյան երկրորդ խումբ ունեցողներն առավել դժվար են արձագանքում վարակին։ Խոսելով Covid-19 դեմ պատվաստման բացասական ներգործությունների և կանխատեսումների մասին, ուսանողները վերլուծեցին նաև կրթության վրա կորոնավիրուսային համաճարակի ազդեցությունը, դրա դրական և բացասական հետևանքները։ Առցանց սեմինարն ընթացավ հարցուպատասխաններով, քննարկումներով։ Մասնակիցները միակարծիք են՝ վարակը փոխել է մարդկանց կյանքը, և բոլորը հայտնվել են անսովոր իրավիճակում։ Պետք է հիշել, որ մարդու առողջությունն իր ձեռքերում է, որին պետք է պատասխանատվությամբ մոտենալ։
Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Նարինե Սահակյանը շնորհակալություն հայտնեց ուսանողներին և դասախոսներին համատեղ աշխատանքի, հետազոտությունների համար և ընդգծեց, որ սա հնարավորություն կտա տարածված այս թեմայի շուրջ համալրել գիտելիքները գիտական հետազոտություններով, կարևոր գիտելիքներով։ Նա հորդորեց լինել իրազեկված, զգոն իրենց ու շրջապատի նկատմամբ, հիշել՝ բոլորիս վարքագծից է կախված ինչպես յուրաքաչյուրի ընտանինքի, այնպես էլ Մանկավարժական համալսարանի համաճարակային իրավիճակը։