ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Առցանց վերապատրաստում՝ «Դոկտորական կրթության քաղաքականություններ և կառուցվածքներ»
20.07.2020
Առցանց վերապատրաստում՝ «Դոկտորական կրթության քաղաքականություններ և կառուցվածքներ»

Հուլիսի 15-17-ը առցնաց հարթակում Էրազմուս+ ARMDOCT «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» ծրագրի շրջանակներում անցկացվեց կարողությանների զարգացման վերապատրաստում: Այն նախատեսվում էր անցկացնել Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանում, սակայն համավարակով պայմանավորված իրականացվեց առցանց: 

«Դոկտորական կրթության քաղաքականություններ և կառուցվածքներ» խորագրով վերապատրաստմանը մասնակցում էին ծրագրի գործընկեր հաստատությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Լիտվայի, Ֆրանսիայից, Պորտուգալիայից և Իտալիայից, ինչպես նաև ծրագրի արտաքին շահառուներ։

ՀՊՄՀ-ն, հանդիսանով ARMDOCT ծրագրի գործընկեր համալսարան, նույնպես մասնակցում էր վերապատրաստմանը: 

Վերապատրաստման նպատակն էր ծանոթանալ ծրագրի գործընկեր երկրներում (Ֆրանսիա, Իտալիա, Լիտվա և Պորտուգալիա) դոկտորական կրթության քաղաքականությանը և կառուցվածքին։  Ժան-Մուլին Լիոնի 3 համալսարանի, Թերամոյի համալսարանի, Վիլնյուսի համալսարանի, ինչպես նաև Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանի ներկայացուցիչները ներկայացրեցին պետության և բուհերի միջև հարաբերությունները, ինչպես նաև դոկտորական կրթության քաղաքականության նպատակներն ու գերակայությունները:

Անդրադարձ կատարվեց նաև հետազոտությունների ռազմավարությանը, դոկտորական կրթության ֆինանսավորմանը, դոկտորական կրթության կազմակերպման մեջ գործարար ոլորտի ներգրավվածությանը: Հուլիսի 17-ին տեղի ունեցավ պլենար քննարկում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի համակարգմամբ «Դոկտորական կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով, ինչպես նաև ծրագրի համակարգման հանդիպում։

Հիշեցնենք, որ Էրազմուս+ ARMDOCT-ը եռամյա ծրագիր է, որի նպատակն է բարեփոխել դոկտորական կրթությունը Հայաստանում Զալցբուրգի սկզբունքներին համահունչ՝ ազգային քաղաքականության և իրավական կարգավորող փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։ Այն ուղղված է խթանելու բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, արդյունաբերական ոլորտի սերտ համագործակցությունը՝ ուղղված դոկտորական կրթության միջազգայնացմանը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին (EHEA) և Եվրոպական բարձրագույն հետազոտական տարածքին (ERA) ինտեգրմանը։

Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքից. www.armdoct.com 

Ծրագրի ընթացքին կարող եք հետևել սոցիալական հարթակների միջոցով. LinkedIn Facebook Youtube