Մանկավարժական համալսարանում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ն իրականացրեց առցանց վերապատրաստումների ծրագիր՝ նախակրթարանների դաստիարակների համար:
Առցանց վերապատրաստումներն անցկացրին Մանկավարժական համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետի Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի դասախոսները:
Վերապատրաստումներին մասնակցեց Հայաստանի տարբեր մարզերից 22 մանկավարժ: 8 օրվա ընթացքում վերապատրաստողները փոխանցեցին ոչ միայն տեսական, այլև գործնական հմտություններ. ներկայացվեցին տարատեսակ դիդակտիկ նյութեր, կազմակերպվեցին քննարկումներ՝ փորձելով վերապատրաստվողներին փոխանցել առավելագույն մասնագիտական գիտելիքներ և կարողություններ։ Վերապատրաստողների կարծիքով` ներկայումս կարևորվում է 5-6 տարեկան երեխաների` մանկապարտեզից դպրոց սահուն անցման խնդիրը:
Այն իրականացվում է ինչպես մանկապարտեզի ավագ խմբերում, այնպես էլ դպրոցներին կից նախակրթարաններում, որտեղ աշխատող մանկավարժները պետք է տիրապետեն ավագ նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման օրինաչափություններին, ուսումնադաստիարակչական գործընթացի առանձնահատկություններին, ունենան որոշակի մասնագիտական կոմպետենցիաներ:
Մանկավարժները շնորհակալություն հայտնեցին վերապատրաստման արդյունավետ և հետաքրքիր անցկացման համար և հույս հայտնեցին, որ դրանք կլինեն շարունակական: