«Արևելյան բաղնիք»․ այսպես է վերնագրված հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սոսե Հաճյանի՝ վերջին տասնամյակի ընթացքում գրված պատմվածքների ընտրանին։ Գրքի շնորհանդեսն այսօր կայացավ ՀՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնում․ներկա էին հեղինակը, գրականության ոլորտի ներկայացուցիչներ, ընթերացասերներ, ուսանողներ։
Գրքում ամփոփված պատմությունները սփյուռքի բեկորացված կյանքի տագնապների ու հայապահպանության մշտական պայքարի գրականացված պատկերներն են՝ կապված հայրենիքից հեռու ապրող հայության պառակտումների, հույզերի, հույսերի ու հիասթափությունների հետ։ Դրանք լույս են տեսնել 2013 թվականի վերջերից Կ․ Պոլսի «Մարմարա» օրաթերթում, երբ հեղինակը գրի առավ Արևմտյան Հայաստանի տարբեր շրջանների, հատկապես Տիգրանակերտ կատարած այցելություններից տպավորություններ։
ՀՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, Վաչե Պարտիզունու անվան հայ նոր եւ նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Սուրեն Դանիելյանը, որ նաև գրքի առաջաբանի հեղինակն է, նկատում է՝ հեռավոր Արգենտինայում «գրական ընտանիք» խորհուրդը ձևավորեցին Հաճյան ամուսինները, որոնք 1970-ականներից բնակություն հաստատեցին այնտեղ։
Պրոֆեսորը նկատում է՝ ամուսնու ավանդույթները խորքով շարունակող, իր նվիրվածության շունչը արժեքավոր ժողովածուում բացահայտում է Սոսե Հաճյանը, որի ապրումները մեզ տանում են դեպի Արևելք։ Նա ընդգծում է՝ պատմվածքի հերոսները պարզ մարդիկ են, որոնք ապրում են իրենց հայության կերպը, իսկ հեղինակի ստեղծագործությունների պատգամը խորքում հայկականությունն ու ազգային մտածողության կերպն իրար հետ հաշտեցնելն Է․«Այսօր ընթերցողի սեղանին անցյալի հուշերով ողողված գեղարվեստական տարեգրություն է, որ խորքի մեջ առաջին հերթին մտավորական կնոջ կյանքի ոդիսականն է, ինչը դարձել է անթեղված երազի շարունակության համար հեղինակի անդուլ պայքարը։ Գրքի վերնագիրն անվերջ վերադարձի ձգտումն է դեպի տուն, հայկականություն։ «Հայերենը մեզ կը միացնէ»․ առաջաբանում ես փորձել եմ տեսնել այդ ավանդույթն ու վերադարձի ներուժը։ Եթե գրիչդ ստիպում է, պետք է վերադառնաս հայկականը, հայացքդ հառես դեպի արևմտահայը, նրա կեցության անլուռ տառապանքը»,- նշեց Սուրեն Դանիելյանն ու հավելեց՝ այսօր անհրաժեշտ է հասկանալ մի ճշմարտություն՝ սփյուռքն իր հայցաքով դեպի այսօ՞րն է, թե՞ դեպի արևելյան բաղնիքն ու հայկական խորհուրդը։
Վաչե Պարտիզունու անվան հայ նոր եւ նորագույն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Քնարիկ Աբրահամյանը նկատում է՝ Սոսե Հաճյանը դեռ մի քանի տարի առաջ այս համալսարանում ուսանողի լավագույն օրինակ էր, որ սովորեցնում էր՝ ինչպես կարելի է մի ամբողջ կյանք սովորել։ Այսօր նա վերադառնում է որպես գրքի հեղինակ և դարձյալ սովորեցնում ՝ ինչպես կարելի է լինել Բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ և դառնալ գրող։
Քնարիկ Աբրահամյանը պատահական չի համարում մղումը, որ Սոսե Հաճյանին ստիպել է գրիչ վերցնել և գրականություն ստեղծել․ մի կողմից ընտանեկան ավանդույթն է՝ հեղինակի ամուսինը Սփյուռքի վերջին շրջանի լավագույն գրողներից մեկն է՝ Պետրոս Հաճյանը, մյուս կողմից՝ հայերենի նկատմամբ անհուն սերն ու պաշտամունքը։
«Արևելյան բաղնիք» գիրքն, ըստ բանախոսի, Արևելք-Արևմուտք քաղաքակրթությունների հակադրությունների մասին սեփական պատմություններով հավելելու պատմություն է, իսկ վերնագիրը գալիս է հաստատելու Սոսե Հաճյանի ընտրությունը․ տասնամայկաներ առաջ Արևելքը՝ սիրիական հողը լքած անձը շարունակում է իր հոգում խորը պահել Արևելքի աշխարհը։
«Արևելյան բաղնիք» գրքի հեղինակ Սոսե Հաճյանը խոստովանում է՝ տղաներն են ստիպել, որ այդ պատմությունները գրքի վերածի։ 141 պատմվածքից ընտրել է 39-ը միայն։ Գիրքն այդպես է վերնագրել մանկության հուշերից տպավորված․ արարողություն էր բաղնիք գնալը, մտքից դուրս չի գալիս դրանց գույնը, ձևը․«Երբեմն կյանքում իրադարձություններ են լինում, որ մեկը մյուսին ճանապարհ են բացում։ Երբ Պոլիս գնացի, եղա նաև «Մարմարա» թերթում, որտեղ աշխատում էր նաև ամուսինս։ Խմբագիրը մոտեցավ և առաջարկեց գրել Պոլիս այցելությանս տպավորությունների մասին։ Համաձայնեցի։ Մինչ այս գիրքը, միշտ գրել եմ հոդվածներ, բայց բոլորը մնացել են տետրերի մեջ։ Պոլիսը խենթանալիք է մեզ համար՝ Արևմուտքի և Արևելքի խառնուրդ, գեղեցիք քաղաք․այստեղով շատ մշակույթներ են անցել և իրենց հետքը թողել։ Արևմտահայերենի ծննդավայրը Կ․ Պոլիսն է․ այդ բոլորն ինձ տպավորեցին, տպավորեց նաև հայ գաղութը, որ հակառակ բոլոր դեպքերի, պահպանում է հայկականությունը։ Այդ ամենի մասին իբրև նամակ գրեցի»,-նշեց հեղինակն ու հավելեց՝ մեկ գրքով իրեն գրող չի համարում։
Գրքի շնորհանդեսին ելույթ ունեցավ նաև ՀՊՄՀ Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցետ Նոնա Դավթյանը՝ ներկայացնելով արգենտինահայ գրականության զարգացումը, մասնավորապես՝ Պետրոս Հաճյանի գրական ստեղծագործությունը։