Մանկավարժական համալսարանում անցկացվեց Մանկավարժության ամբիոնի, բուհի Պատմության թանգարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համատեղ կազմակերպած «Ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով ուսանող-դասախոս նախագծային աշխատանքների համահամալսարանական մրցույթը։
Նախաձեռնության նպատակն է հարստացնել հայ մանկավարժության պատմությունը, ներկայացնել արևմտահայ կրթօջախների և հայ մտավորականության առաջադեմ գործունեությունը, ընդգծել կրթության դերը հասարակությունը վերափոխելու գործում։ Բացի այդ, զարգացնել ապագա ուսուցիչների մանկավարժական մտածելակերպը, ձևավորել ազգային ու մարդկային արժեհամակարգ, արդի կրթական տեխնոլոգիաների յուրացում, խրախուսել ուսանող-դասախոս համագործակցությունը՝ միասին նոր գիտելիք ստեղծելու գործում:
Մրցույթի կազմակերպիչները ժամանակակից մանկավարժությունը դիտարկում են, որպես համագործակցային մասնագիտություն․ ժամանակակից կրթության զարգացման տեսլականներին ընդառաջ՝ որպես նորարարական կրթական մոտեցումների ջատագովներ, կարևորում են ապագա ուսուցիչների նախագծային ուսուցման կազմակերպման առանձնահատկությունների տիրապետումը։
Նախագծին մասնակցել են բուհի տարբեր ֆակուլտետների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրին 8 նախագիծ։
Աղջիկների դաստիարակության և կրթության հիմնախնդիրն Արևմտյան Հայաստանի օրիորդաց վարժարաններում, արևմտահայ կրթօջախների և մտավորականության առաջադեմ գործունեությունը ազգային ինքնության պահպանման գործում, որբանոցների, որբախնամ դպրոցների հիմնումն Արևմտյան Հայաստանում, Կեդրոնական, Կարինի հայկական վարժարանները, զմիուռնիահայ կրթական հաստատությունների գործունեությունը, արևմտահայ դպրոցները՝ անցյալից դեպի ներկա․ մասնակիցներն այս թեմաների շուրջ ներկայացրին իրենց հետազոտությունները, դրանց արդիականությունը, նպատակը, խնդիրները, մեթոդաբանությունը, վերլուծեցին աշխատանքի արդյունքները։
Մրցույթը գնահատող հանձնաժողովը բարձր գնահատեց նախագծային աշխատանքների բովանդակության յուրօրինակությունը, ներկայացման ձևն ու կատարած մեծածավալ հետազոտությունը։
Մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը ընդգծում է, որ ուսանող-դասախոս համագործակցության շնորհիվ ստեղծվեց նոր գիտելիք, որը կլրացնի հայ մանկավարժության և կրթության պատմության էջերը և կտպագրվեն գիտական ամսագրերում։
ՀՊՄՀ երկարամյա դասախոս, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը, որը նաև արևմտահայ կյանքի և գրականության ջատագով է, անկեղծանում է՝ նախագիծն աննախադեպ է և կմնա բուհի պատմության մեջ։ Ցավով է նկատում՝ արևմտահայ աշխարհի ճանաչումը մեզանում մակերեսային է․ «Աիդա Թոփուզյանն, ում արմատները արևմտահայ կրթական ակունքներից են, նախաձեռնությանը սիրով ճնշեց և զորավիգ դարձրեց նաև ներկաների կրթական հանձնառությունը»,-ասում է Սուրեն Դանիելյանը։
Հաջորդ կարևոր նորարարությունը պրոֆեսորը համարում է մանկավարժական նոր մոտեցման սկզբունքը․ առաջին անգամ ընդհանրացվեց ուսանող-դասախոս «տեսողությունը», որն արևմտահայ կրթական աշխարհի ակունքներին անդրադառնալու, գիտամանկավարժական ուղղություն տալու և ինքներս մեզ ճանաչելու գիտակից քայլ էր։
Հանձնաժողովում ընդգրկված պրոֆեսոր Սամվել Պողոսյանը մրցույթը կարևորեց արևմտահայ կրթական հաստատությունների լավագույն փորձը մեզանում ներդնելու և գործնականում կիրառելու առումով, իսկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Ցուցադրության բաժնի վարիչ Սեդա Պարսամյանն ակնկալեց, որ առաջիկայում կհարստացվի թեմաների արխիվագիտական հենքը՝ գիտական հոդվածների տեսքով տպագրվելով պարբերականներում։
Նշենք, որ «Ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով համահամալսարանական մրցույթում ներկայացված նախագծերի ձայնագրություններն առաջիկայում հասանելի կլինեն նաև Ռադիո Ֆամայի եթերում։