Մանկավարժական համալսարանում կայացավ բուհի Արհեստակցական կազմակերպության արտահերթ համաժողովը, որի աշխատանքներին մասնակցում էր ընտրված 35 պատվիրակ։
Համաժողովի նախագահության կազմում ընտրվեցին Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Արմեն Ավետիսյանն ու ՀՊՄՀ-ի Արհկոմի լիազորված ներկայացուցիչ Սվետլանա Մարությանը։
Արհկոմի՝ 2017-2022թթ․ գործունեության մասին հաշվետվությունը ներկայացրեց Սվետլանա Մարությանը։ Նա շնորհակալություն հայտնեց բուհի ռեկտորին և աշխատակիցներին, որոնք իրենց մասնակցությունն ու աջակցությունն են ունեցել կառույցի աշխատանքների կազմակերպմանը։
Կառույցի գործունեությունը գնահատվեց բավարար։
Բավարար գնահատվեց նաև վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, որը ներկայացրեց Կարեն Խանյանը։
Արհեստակցական կազմակերպության արտահերթ համաժողովը նաև ընտրեց կազմակերպության նախագահ։ Առաջադրված միակ թեկնածուն Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկանի օգնական Էդիկ Գուլյանն էր, որն ընտրվեց միաձայն՝ բաց քվերակությամբ։
Նորընտիր նախագահը մեծ պատիվ համարեց ՀՊՄՀ-ի Արհեստակցական կազմակերպության աշխատանքները ղեկավարելը։ Էդիկ Գուլյանն անկեղծանում է՝ 16 տարի առաջ է մուտք գործել բուհ, սովորել, ծավալել տարաբնույթ գործունեություն, սակայն միայն ամիսներ առաջ է բացահայտել Արհեստակցական կազմակերպության գործունեության առաքելությունը։
Խոստանում է՝ որպես նախագահ, իր տեսական գիտելիքներով և կազմակերպչական հմտություններով պաշտպանել աշխատակիցների շահերն ու իրավուքներն ինչպես բուհում, այնպես էլ դրանից դուրս։
Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Արմեն Ավետիսյանը շնորհավորեց Էդիկ Գուլյանին և ընդգծեց՝ չլինելով արհմիութենական, նորընտիր նախագահն օժտված է լիդերի բացարձակ հատկանիշներով, ինչը կհեշտացնի գործատուի հետ սոցիալական գործընկերությունն ու կարդարացնի կառույցի անդամների սպասումները։