ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Արհեստական բանականությունը՝ բանավեճի թեմա
19.09.2024
Արհեստական բանականությունը՝ բանավեճի թեմա

ՀՊՄՀ-ի և ՌԴ Արմավիրի պետական մանկավարժական համալսարանի գործընկերության շրջանակներում անցկացվեց «Ուշինսկու ակումբ» միջազգային երիտասարդական բանավեճի ակումբի հերթական հանդիպումը։

Արդեն երրորդ և այս անգամ արդեն առերես բանավեճին կրթական հաստատությունների ներկայացուցիչները քննարկեցին արհեստական բանականության դրական և բացասական կողմերը՝ որքանո՞վ է այն օգտակար ներկայիս հասարակությանը, ինչպե՞ս և ո՞ր դեպքերում կիրառել այն և այլն։

Արմավիրի պետական մանկավարժական համալսարանից առցանց և առերես ձևաչափով բանավեճին մասնակցում էին ուսանողներ, ինչպես նաև բուհի գիտահետազոտական,նորարարությունների և միջազգային աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոման Բլիզնյակն ու Գիտահետազոտական, իննովացիոն գործունեության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, միջազգային ծրագրերի ղեկավար Լյուդմիլա Խլուդովը։ ՀՊՄՀ-ից բանավեճին մասնակցում էին ուսանողներ, իսկ բանավեճի մոդերատորը մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լուսինե Ղուլղազարյանն էր։

Ռուս գործընկերներին ողջունեց ՀՊՄՀ միջազգային բաժնի ղեկավարի տեղակալ Աննա Հախումյանը և վստահեցրեց, որ շատ ուրախ են իրենց հյուրընկալել բուհում և ստեղծել են բոլոր պայմաններն ու հնարավորությունները բանավեճի ակումբի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար։

Արմավիրի պետական մանկավարժական համալսարանի գիտահետազոտական, նորարությունների և միջազգային աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոման Բլիզնյակը շնորհակալություն հայտնեց ընձեռված հնարավորության համար և խոստովանեց՝ որպես խորհրդային ժամանակների սերունդ իրեն ավելի հոգեհարազատ է հաշվիչը, քան արհեստական բանականությունը․«Գուցե այսօր բանավեճի ընթացքում ներկաներին կհաջողվի ինձ համոզել, որ արհեստական բանականությունն իսկապես օգտակար է և կարևոր»,-հավելեց պրոռեկտորը։

Մինչ բանավեճի մեկնարկը՝ Լուսինե Ղուլղազարյանը խոսեց դեռևս անցյալ դարի 50-ական թվականներին ստեղծված մեքենայական ուսուցման մասին, որի նպատակը հնարավորինս շատ տվյալների հավաքագրումն ու մշակումն էր, ապա անդրադարձավ նաև ցանցերի մշակման և տարածման, դրանց վերահսկման վերաբերյալ մի շարք հարցերի։

Բանավեճը շարունակվեց խաղ-քննարկման կանոնների համաձայն․ յուրաքանչյուրը ներկայացրեց արհեստական բանականության մասին իր գիտելիքներն ու պատկերացումները՝ ընդգծելով դրական ու բացասական կողմերը։

Ավարտին բանավեճի մասնակիցներն ստացան հավաստագրեր։