ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Արհեստական բանականությունը՝ կրթության և գիտության ոլորտում
28.02.2025
Արհեստական բանականությունը՝ կրթության և գիտության ոլորտում

Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ շարունակվում է անցկացվել սեմինար-քննարկումների շարք․ «Թվային մարդը» հանդիպումների շրջանակում՝ Մանկավարժականում էր «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի ինժեներ, «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների աշխատակից Վրեժ Միքայելյանը:

«Արհեստական բանականությունը կրթության և գիտության ոլորտում» թեմայով ինտերակտիվ հանդիպման ընթացքում բանախոսն անդրադարձավ համակարգի գործածմանը, խոսեց դրա առաջարկած հնարավորությունների և առավելությունների մասին։

Հյուրը նաև «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների օրինակով ներկայացրեց, թե ինչպես է կենտրոնում ուսումնասիրվում սաների նախասիրություններն ու յուրաքանչյուրի համար արհեստական բանականության միջոցով ստեղծվում նրանց համար նախատեսված ոլորտային ճանապարհային քարտեզ։

Ի դեպ, Վրեժ Միքայելյանը, որ մասնակցել է 2022 թվականին «Հայասաթ-1» հայրենական առաջին տիեզերական արբանյակի ստեղծմանը, խոսեց նաև պատմական և երկար սպասված իրադարձության, արբանյակի՝ տիեզերք արձակման մասին։

Հանդիպմանը ներկայացվեցին նաև արհեստական բանականության կարևորությունն ու կիրառումը տիեզերքում, դրա գործածումը հետագա արբանյակների նախագծման փուլում, այլ տարածքներում կյանքներ փնտրելու, ուսումնասիրությունների հաշվարկման, տարբեր գործողություններ իրականացնելու շրջանակներում։

Ծավալվեց ակտիվ քննարկում՝ գիտական և հետազոտական ոլորտների վերաբերյալ։