ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Արհմիությունը երկօրյա սեմինար անցկացրեց Աղավնաձորում 
03.10.2022
Արհմիությունը երկօրյա սեմինար անցկացրեց Աղավնաձորում 

Մանկավարժական համալսարանի Արհեստակցական կազմակերպությունը երկօրյա դասընթաց և արհկոմիտեի արտագնա նիստ իրականացրեց բուհի Աղավնաձորի ուսամնական բազայում։

Սա նմանատիպ առաջին միջոցառումն էր, որի նպատակն էր քաղաքային թոհուբոհից կտրված, անմիջական և մտերմիկ միջավայրում արմիության անդամներին հնարավորինս մատչելի ներկայացնել կառույցի գործունեության ուղղությունները,  կարևորությունը, նշանակությունը՝ ինչպես աշխարհում, այնպես էլ մեր երկրում և բուհում՝  մասնավորապես։

Դասընթացի հենց սկզբում  ՀՊՄՀ-ի Արհեստակցական կազմակերպության նախագահ Էդիկ Գուլյանը և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի երիտասարդական հանձնաժողովի նախագահ Էդգար Չախոյանն ինտերակտիվ մեթոդով նախ տեղեկացան մասնակիցների ակնկալիքների մասին, ապա նախապես մշակած ծրագիրը ձևավորեցին՝ ըստ լսարանի կարիքների։

«Ի՞նչ է արհեստակցական կազմակերպությունը», «ՀՊՄՀ արհեստակցական կազմակերպության գործառույթները, գործունեությունը և մեխանիզմները», «Սոցիալական գործընկերություն, կոլեկտիվ բանակցություն»․ թեմաներ, որոնք արհմիության երկարամյա անդամների համար նորովի բացահայտեցին իրենց գործունեության դաշտը, կարևորեցին և գնահատեցին իրենց աշխատանքը։

Դասընթացավարների՝ Էդգար Չախոյանի և Էդիկ Գուլյանի կրեատիվ մոտեցման, դիդակտիկ նյութերի կիրառման, ժամանակակից մեթոդներով լավ մշակած ծրագրի շնորհիվ հնարավոր եղավ երկարամյա դասավանդման փորձ ունեցողներին՝ դոցենտների, պրոֆեսորների, երկու օր պահել սովորողի կարգավիճակում, ինչը բավականին աշխուժություն և թարմություն հաղորդեց նրանց սովորական դարձած առօրյային։

Մտագրոհների, խաղերի միջոցով կազմակերության անդամներն ընդգծեցին արհմիությունների համար կարևոր հատկանիշները՝ միասնականություն, հումանիզմ, օբյեկտիվություն, սոցիալական քաղաքականություն, ապաքաղաքական կեցվածք, հանդուրժողականություն, համերաշխություն, համախմբվածություն, ապրումակցում, ինքնակարգավորում, ինքնաֆինանսավորում, ներկայացուցչականություն և կամավորություն։  

Մասնակիցներին հատկապես հետաքրքրեց կոլեկտիվ բանակցությունների մասին դասախոսությունը, ինչը չափազանց արդիական է այսօր և պրոյեկտվում է նաև միջազգային հարաբերությունների վրա։

Դասընթացի մասնակիցները հաջորդ օրը 3 աշխատանքային խմբերով մշակեցին ՀՊՄՀ-ի և ՀՊՄՀ Արհեստակցական կազմակերպության միջև կնքվելիք Կոլեկտիվ պայմանագրի նախագիծը, որը լրամշակման ենթարկվելուց հետո կազմակերպության ղեկավարը կներկայացնի բուհի ղեկավարությանը, և փոխհամաձայնության դեպքում՝ կկնքվի։

Դասընթացի ավարտից հետո տեղի ունեցավ արհկոմի արտագնա նիստ։

Երկօրյա հագեցած աշխատանքից հետո անցկացված հարցումը վկայեց, որ կազմակերպիչները հասան իրենց նպատակին, և արհմիությունների դերի , նշանակության և գործունեության մասին որոշ դեպքերում  նվազագույն պատկերացում ունեցող մարդիկ սեմինարի ավարտին լիարժեք տիրապետում էին իրենց գործին։

Դասընթացը կազմակերպել էին Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը, որի նախագահը ողջունել էր նախաձեռնությունը, և ՀՊՄՀ Արհմիությունը։