ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Արփինե Առաքելյան
31.01.2017

Էրազմուս+ ծրագրի շնորհիվ աճում է հետաքրքրասիրությունն աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ...

Պատմության և իրավագիտության ֆակուլտետ, ասպիրանտ

Էրազմուս + ծրագրի մասնակցությունն ամենագունեղ և բովանդակալից իրադարձություններից է ինձ համար, քանի որ դրա ազդեցությունը անգնահատելի է մասնագիտական և անձնական զարգացման առումով։

Մեկ ուսումնական տարի Հունգարիայի Պազման Պիտեր Կաթոլիկ համալսարանում սովորելը մեծ փորձառություն է ինձ համար։ Ծրագրից սպասումները, միանշանակ շատ էին, և մի փոքր էլ անկանխատեսելի։ Բայց իրականությունը սպասվածից առավել և ոգևորող էր։


Ծրագրին մասնակցությունը ինձ համար առանձնակի նշանակություն ունի մասնագիտական առումով։ Որպես ասպիրանտ մեր համալսարանի հայոց պատմության ամբիոնում, հետազոտությանս թեման Տրանսիլվանիայի հայկական համայնքն է և դրա ինքնության պահպանման խնդիրները 18-19-րդ դարերում։ Թեմայի ուսումնասիրման համար առաջնահերթ խնդիրներից մեկը հունգարերեն սովորելն է։ Լեզուն բավականին բարդ է, բայց այդ բարդությունն էլ այն դարձնում է հետաքրքիր։ Ուստի այս ծրագիրը բացառիկ հնարավորություն է ինձ համար այդ խնդիրը հաղթահարելու համար։


Ծրագրի հրաշալի կողմերից մեկն այն է, որ ապրելով այլ երկրում, հաղորդակից ես դառնում այդ մշակույթին, երկրի պատմությանը, կենսակերպին։ Բացի դրանից շփումը տարբեր երկրներից ժամանած ուսանողների հետ հնարավորություն է տալիս ճանաչել նրանց մշակույթի բնորոշ կողմերը, ինչը մեծապես նպաստում է աշխարհայացքի և իմ պատկերացումների ընդլայնմանը։ Դրա շնորհիվ աճում է հետաքրքրասիրությունդ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, կարողանում ես ավելի լավ գնահատել և վերլուծել իրավիճակները, կարողանում ես ավելի լավ ես համագործակցել տարբեր մշակույթներ և արժեքներ կրող մարդկանց հետ։ Անչափ հետաքրքիր և նաև զվարճալի տեսարան է, օրինակ, երբ հայ, ֆրանսիացի, լեհ, գերմանացի, իտալացի ուսանողները, հունգարերենի դասի շրջանակներում փորձում են գնումներ կատարել հունգարարենով, երբ հայ, ճապոնացի, գերմանացի ուսանողները փորձում են սովորել հունգարական ազգային պար։ Դրանք պահեր են, որ ընդմիշտ կմնան իմ հիշողության մեջ։


Այստեղ անցկացրած մեկ կիսամյակի ընթացքում սովորել եմ ավելի լավ գնահատել սեփական ուժեղ և թույլ կողմերը, նոր իրավիճակներում ավելի արագ կողմնորոշվել, համոզվել, որ միայն անընդհատ և սիրով արված աշխատանքի շնորհիվ կարելի է հասնել արդյունքների։