ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Արվեստի նմուշներ՝ պլաստիկե թափոններից
02.10.2021
Արվեստի նմուշներ՝ պլաստիկե թափոններից

Այսօր բացվեց «Ստեղծիր արվեստ պլաստիկե թափոններից» ցուցահանդես։

Ցուցադրությանը մասնակցում էր նաև ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի 5 ուսանող և 1 շրջանավարտ ՝ Սեդա Հակոբյանը, Լիլիթ Կարապետյանը, Մարիամ Մելիքբեկյանը, Մարինե Բաղդասարյանը, Սեդա Ղարիբյանը, Լուսինե Սիմոնյանը։

aspu.am-ի հետ զրույցում ուսանողները նշեցին, որ մեծ հետաքրքրությամբ են մասնակցել ծրագրին՝ փորձելով նման կերպ բարձրացնել մի շարք էկոխնդիրներ, ցույց տալ մարդ-բնություն փոխհարաբերությունը, որտեղ վտանգավորը հենց ինքը մարդն է։ Նրանք այն կարծիքին են, որ մարդկանց իրազեկելու և այդ գաղափարներով վարակելու համար նմանօրինակ ծրագրերն անհրաժեշտություն են։ 

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության SDC-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում նրանք նախ հաղթահարել էին նախընտրական փուլը, ապա ներկայացրել պորտֆոլիոներ՝ գաղափարներն իրականացնելու մեթոդներ և ուղիներ։

Գաղափարի շուրջ համախմբվել էին տարբեր բուհերի ուսանողներ և կառույցների ներկայացուցիչներ․ խնդիրը նույնն էր բոլորի համար՝ թափոններից՝ հիմնականում պլաստիկից, ստեղծել արվեստի նմուշներ և այդպիսով հասարակությանն իրազեկել կարևորի մասին։

Մանկավարժականի 5 ուսանող աշխատել է տարբեր խմբերում։   Երիտասարդ ստեղծագործողները ցուցադրության էին ներկայացրել կոնցեպտուալ ինստալացիներ՝ պատրաստված պլաստիկե թափոններից և շրջակա միջավայրի աղտոտման խնդիրները ներկայացնող, հասարակությանը իրազեկող տեսաֆիլմեր:

Ծրագիրը ղեկավարել է մոդելավորող Վահան Խաչատրյանը, որը կարևորեց հատկապես երիտասարդների՝ որպես հաջորդ սերունդներին կրթողների մասնակցությունը։ Համագործակցության և ծրագրի հաջող իրականացման համար նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությանը և հույս հայտնեց, որ նման խնդիրների շուրջ ծրագրերը կլինեն շարունակական։

Ցուցադրության բացմանը ներկա էր նաև Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը։ Նա կարևորեց արվեստին և բնապահպանական խնդրին նմանօրինակ անդադարձը, ինչը հնարավորություն կտա առավել տեսանելի դարձնել, որ պլաստիկից հնարավոր է արվեստի նմուշներ պատրաստել։ Փոխնախարարն այն կարծիքին է, որ մեր երկրում առավել քան պետք են այնպիսի ձեռնարկներ, որոնք կբարձրաձայնեն բնապահպանական խնդիրների մասին և կառաջարկեն լուծումներ։

Նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 3-ը՝ ժամը 19:00-ն։