ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Արվեստը նշանակություն ունի»․ հայ և շվեյցարացի ուսանողների համագործակցությունը
25.09.2019
«Արվեստը նշանակություն ունի»․ հայ և շվեյցարացի ուսանողների համագործակցությունը

ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետը Ցյուրիխի արվեստների համալսարանի հետ և «Արտաս» հիմնադրամի աջակցությամբ Երևանում ու Ցյուրիխում իրականացրեց հայ և շվեյցարացի ուսանողների փոխանակման «Արվեստը նշանակություն ունի» ծրագիրը։

Համագործակցությունն սկսվեց Երևանից։ Ցյուրիխից 8 ուսանող և երկու դոցենտ ապրիլին երկու շաբաթով ժամանեցին մեր երկիր։ Գեղարվեստական կրթության ֆակուլտետից նույնպես ընտրվեց 8 ուսանող և երկու դասախոս՝ փոխանակման ծրագրին մասնակցելու համար։ Սեպտեմբերին արդեն նույն կազմով ուսանողները և դասախոսները մեկնեցին Ցյուրիխ՝ այնտեղ անցկացնելու մանկավարժական պրակտիկան։

Ծրագրի շրջանակներում ուսանողերը նույն մասնագիտությանը՝ արվեստի ուսուցմանը տիրապետող օտարազգի և օտարալեզու անձանց հետ աշխատելու մեծ փորձառություն ստացան։

Այսպիսով, Շվեյցարիայում սկսվեցին երկու հագեցած ու հետաքրքիր շաբաթները, որոնց ընթացքում երկու երկրների ներկայացուցիչներից կազմված չորս խմբերը նախապատրաստեցին կերպարվեստի դասաժամի մեկական ծրագիր։

Մանկավարժական մեթոդները և ընտրված թեմաները բազմազան էին՝ ֆրոտաժ, պլաստիկ իրերի վերապատրաստման միջոցով էկոլոգիական թեմաների արծարծում, փերֆորմանսներ կամ գունատեսություն։

Բացի մանկավարժական պրակտիկայից՝ Շվեյցարիայում հայկական խումբը մասնակցեց Ցյուրիխի թանգարանային գիշերվան, այցելեց տարբեր մշակութային միջոցառումների, մեկնեց միջնադարյան գեղատեսիլ քաղաք Լյուցեռն, հետո՝ Գիսվիլ գյուղակ՝ մասնակցելու ժամանակակից փերֆորմանսների փառատոնին։

Շվեյցարիայում ուսանողները հյուրընկալվեցին Ցյուրիխի Հոհե պրոմենադ ճեմարանում, գաղթականների համար նախատեսված Աուտոնոմե շուլեում (ինքնավար դպրոց) և Ատելիե հաուս (տուն ատելիե) արվեստի դպրոցում, ծանոթացան տեղի մանկավարժական մեթոդներին և այս դպրոցների կառուցվածքին։

Հայ ուսանողները նաև բացառիկ հնարավորություն ունեցան դասավանդելու Շվեյցարիայի Բյուլախ քաղաքի կենտրոնական դպրոցում։
Սա փորձի կարևոր փոխանակում էր հայ և շվեյցարացի ուսանողների, ինչպես նաև տեղական դպրոցի աշակերտների ու ուսուցիչների համար, քանի որ կողմերը երկուստեք ասելիք ունեին։

Օրինակ՝ հայ ուսանողների համար հաճելի անակնկալն այն էր, որ շվեյցարական դպրոցներում արվեստին նվիրված դասընթացները (կերպարվեստ, երաժշտություն) շարունակական են դպրոցական ողջ կրթության ընթացքում։ Թե՛ ուսանողները, թե՛ ուսուցիչները ցանկություն հայտնեցին միմյանցից սովորած նոր գաղափարները կիրառել հետագա գործունեության ընթացքում։

Այս ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով Շվեյցարիա ժամանեց նաև ՀՊՄՀ պրոռեկտոր Արա Երեմյանը։ Շվեյցարական կողմի ծրագրի ղեկավար Դագմար Ռեյխարտը և Ա․ Երեմյանը պայմանավորվեցին հետագայում ևս շարունակել համագործակծությունը։

Իր եռօրյա այցի ընթացքում պրոռեկտորը հանդիպեց նաև հայ և շվեյցարացի ուսանողներին ու դասախոսներին, մասնակցեց ուսանողների անցկացրած դասերին Բյուլախ քաղաքում։

Նշենք, որ ուսանողները մշտապես զգացել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի և Ցյուրիխի արվեստների համալսարանի աջակցությունը, ինչը նպաստել է փոխշահավետ համագործակցությանը և երկու երկրների մշակութային հարուստ ժառանգությանը հասու դառնալուն։

Աստղիկ Կիրակոսյան