ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Արյունոտ հարսանիք»-ը՝ ուսանողների ներկայացմամբ
07.03.2018
«Արյունոտ հարսանիք»-ը՝ ուսանողների ներկայացմամբ

Կանանց միջազգային օրվա առթիվ Մանկավարժական համալսարանի Հեռուստառեժիսուրայի 3-րդ կուրսի ուսանողները հանդես եկան «Արյունոտ հարսանիք» ներկայացմամբ, բեմադրության հեղինակ՝ պրոֆեսոր Աիդա Հովհաննիսյան:

Իսպանացի դրամատուրգ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի հայտնի ստեղծագործության հիման վրա ներկայացված բեմադրության հիմքում սերն է, պայքարը, պատիվն անաղարտ պահելու ծնողական ձգտումը:

Դեպքերն ու իրադարձությունները, սակայն, ապացուցում են, որ սիրող սրտերը միմյանցից զատելն իրականում ողբերգություն է, իսկ հակառակ կողմում տղամարդու պատիվ է, որ պետք է ավելի մաքուր լինի, քան արևին փռված ճերմակ սավանը:

Ձիու սմբակների ձայն, մռայլված հարսնացու, հյուրեր. ճակատագրական առավոտ երկու ընտանիքների համար, որ հետո պիտի դառնար «արյունոտ հարսանիք» և ողբերգություն, քանի որ այն, ինչ մտնում է սիրող սիրտը, հնարավոր չէ հանել:

Ներկայացման ռեժիսոր Աիդա Հովհաննիսյանն aspu.am-ի հետ զրույցում խոստովանեց՝ դժվար էր նման բարդ ստեղծագործությունը ներկայացնել ուսանողների միջոցով. բեմադրության շուրջ երկար է աշխատել, իսկ ուսանողների հետ համատեղ աշխատանքը կարճ է տևել:

«Ամեն ինչ արել եմ, որ աշխատանքում ներգրավվեն կուրսի բոլոր ուսանողները՝ սկսած ռեժիսորի օգնականից մինչև մասնագիտական ամեափոքր աշխատանք: Ես լիահույս եմ, որ կուրսի զգալի մասը հետագայում հաջողությամբ հանդես կգա մասնագիտական ոլորտում, քանի որ դրա համար կան բոլոր նախադրյալները»,-նշեց Աիդա Հովհաննիսյանն ու հավելեց, որ գարնանային գեղեցիկ տոնի առթիվ ներկայացմամբ հանդես գալը դարձել է գեղեցիկ ավանդույթ: