«Վարդանանք» կրթահամալիրում կայացավ «Ես իմ բաժին աշխարհն եմ պահպանում» խորագիրը կրող աշակերտական ամենամյա աշխատաժողովը, որին մասնակցում էին Երևան քաղաքի պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունների սովորողներ։
Աշխատաժողովի նպատակն է մեկ անգամ ևս ընդգծել բնագիտական, էկոլոգիական կրթության, շրջակա միջավայրի պահպանության կարևորությունը, աշակերտների մոտ ձևավորել թիմային աշխատանքի հմտություններ, ստեղծել համագործակցային դաշտ տարբեր դպրոցների աշակերտների միջև, նպաստել հանրակրթություն-գիտություն, դպրոց-բուհ կապի ամրապնդմանը։
Աշխատաժողովում ժյուրիի անդամ էր նաև ՀՊՄՀ-ի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան, դոցենտ Սիրինե Շողերյանը։ Վերջինս, աշխատաժողովին ընդառաջ, մշտապես խորհրդատվություններ է իրականացնում բնապահպանական թեմաներով։
Սիրինե Շողերյանը կարևորեց միջոցառումը՝ ընդգծելով՝ աշխարհն այսօր գնում է էկոլոգիական կրթության և դաստիարակության․ երեխաների մոտ փոխվում է աշխարհայացք և մտածողություն։ Նա հետաքրքրական համարեց աշակերտների պատրաստած կոլաժները, թափոններից ստեղծված հետաքրքիր հագուստները․ «Սա կնպաստի էկոլոգիապես գրագետ հասարակություն ունենալուն»,- վստահեցրեց նա։