ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Աշխարհի հասարակությունը կարևորում է շախմատը»
07.05.2019
«Աշխարհի հասարակությունը կարևորում է շախմատը»

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ), ՀՀ ԿԳՆ-ի, Մանկավարժական համալսարանի և Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ կազմակերպվել էր «Շախմատային կրթության արդի վիճակը և զարգացման միտումները» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողով:

Գիտաժողովին մասնակցում են 20-ից ավելի երկրների ներկայացուցիչներ՝ այդ թվում ֆեդերացիաների ներկայացուցիչներ, կրթության ոլորտի պատասխանատուներ՝ քննարկելու տարբեր երկրներում շախմատ առարկայի ներդրման կարևորությունը, ծանոթանալու դասավանդման մեթոդներին և այլն:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և ընդգծեց, որ ձեռնարկը Հայաստանի համար ունի կարևոր նշանակություն. «Շախմատի դասավանդման ներդրված ծրագիրը քննարկման, արդյունքների ամփոփման, խնդիրների վերհանման և նոր լուծումների առաջադրման կարիք ունի: Շախմատը կրթության մեջ կարևորված է լավագույն կրթական համակարգն ունեցող երկրներում, ուստի պետք է հետևենք զարգացումներին»,-հավելեց ԿԳ նախարարը:

Նախարարը կարծում է, որ ցանկացած նորարարության դրական կամ բացասական ազդեցություն երևում է տարիներ հետո, բայց կարևոր է հետևել ընթացքին:

«Առարկայի ներդրումը կլինի առավել արդյունավետ, երբ հետևենք դասավանդման մեթոդներին և ուսուցիչների վերապատրաստմանը»,-նշեց նախարար Հարությունյանն ու հույս հայտնեց, որ գիտաժողովի շրջանակներում կլինեն քննարկումներ հատկապես այն խնդիրների վերաբերյալ, որոնց մասին բարձրաձայնում են ծնողները, ուսուցիչները. դրանք կարող են նոր թափ հաղորդել շախմատի դասավանդման ընթացքին: Ի դեպ, ԿԳ նախարարը օտարերկրյա հյուրերին կոչ արեց աջակցել, որ իրենց երկրների շախմատի դպրոցական թիմերը մասնակցեն առաջիկայում Հայաստանում անցկացվելիք միջազգային առաջնությանը:

««Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի հիմնումը լավագույն նվերն է Մանկավարժական համալսարանի 95-ամյակի առթիվ: Ուրախալի է, որ կառույցի գիտահետազոտական գործունեությունը, մեթոդաբանական մոտեցումները միանգամից արժանացան միջազային ուշադրության»,-նշեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը և վստահեցրեց՝ բուհը կանի հնարավորը, որ գիտահետազոտական ինստիտուտն արձանագրի նոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

Խոսելով ինստիտուտի գործունեության և կարևորության մասին՝ ռեկտորը հավելեց, որ կառույցի ամենօրյա աշխատանքի արդյունքում վերհանվում են ոչ միայն շախմատի դասավանդման, այլև հանրակրթության ոլորտի մի շարք խնդիրներ:

«Շախմատը յուրահատուկ ոլորտ է, ուր պայքարն ազնիվ է և բացառվում են արհեստական միջամտությունները»,-նշեց Ռուբեն Միրզախանյանն ու կարևորելով շախմատի ուսուցումը՝ հույս հայտնեց, որ կմշակվի շախմատի ուսուցիչների պատրաստման միջազգային ծրագիր:

«Հայաստանը շախմատի ոլորտում մեծ վարպետ է: Նման հանդիպումներն ու ձեռնարկները հնարավորություն կտան ծանոթանալ հայաստանյան լավագույն փորձին, դասավանդման տարբեր մոտեցումներին»,-նշեց ՖԻԴԵ-ի փոխնախագահ Բաշար Քուաթլին, որը գիտաժողովի աշխատանքներին միացել էր տեսակապով:

Նա վստահեցրեց, որ կառույցն անկախ մասնագետների վերլուծությունների կարիք ունի և գիտաժողովի մասնակիցներին կոչ արեց իրենց քննարկումներում շախմատին վերաբերել որպես կրթական գործիքի և կրթության մեջ կարևորագույն մեթոդի:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, ՀՊՄՀ-ի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ Սմբատ Լպուտյանը ներկաներին շնորհակալություն հայտնեց մասնակցության համար և հույս հայտնեց, որ երկօրյա քննարկումները հնարավորություն կտան հասկանալ՝ որքանո՞վ է շախմատը կարևոր կրթական համակարգում:

«Աշխարհահռչակ շախմատիստների մասնակցությունը գիտաժողովին վկայում է այն մասին, որ նրանք ծառայում են շախմատի զարգացմանը: Այս գիտաժողովում մենք պետք է սովորենք միմյանցից այնպես, ինչպես շախմատում»,-նշեց Սմբատ Լպուտյանն ու խոսելով կրթության ոլորտի ներկայիս խնդիրների մասին՝ կոչ արեց դրանց ընդառաջ գնալ՝ գիտակցելով շախմատի դրական ազդեցությունը ապագայի համար:

Միջազգային գրոսմայստերն այն կարծիքին է, որ շախմատի դասավանդման ոլորտում Հայաստանն առաջատար է, ուստի ունի լավագույն օրինակներ, խնդիրների լուծումներ ցույց տալու պարտավորություն:

«Աշխարհի հասարակությունը կարևորում է շախմատը»,-վստահեցրեց Սմբատ Լպուտյանն ու ներկաներին կոչ արեց աջակցել իմաստուն խաղի դասավանդման բարեփոխումներին:

ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ, հունգարացի շախմատիստուհի, գրոսմայստեր Յուդիթ Պոլգարն էլ իր ելույթում խոստովանեց՝ շախմատի շնորհիվ է հասկացել, թե ով է ինքը. այն տվել է ինքնավստահություն և մեծ ազդեցություն ունեցել իր զարգացման վրա:

«Շախմատը կախարդական կրթական գործիք է: Բացի այդ, այն խաղ է բոլորի համար, հատկապես երեխաների, որոնց շատ է պետք ինքնավստահությունը»,-նշեց Յուդիթ Պոլգարն ու բարձր գնահատեց Սմբատ Լպուտյանի և շախմատի դասավանդմանն աջակցողների մեծ թիմի աշխատանքը. այն հնարավորություն է տալիս աշխարհին ասելու և հավատացնելու, որ շախմատը հնարավոր է դասավանդել:

ՖԻԴԵ փոխնախագահ Նայգլ Շորթ Հայաստան այցելել է 35 տարի առաջ, երբ Երևանում մասնակցում էր մրցաշարի` խաղալով Սմբատ Լպուտյանի հետ. չնայած իմաստուն խաղի մրցույթում չհաղթեց, բայց երկրից տարավ անմոռանալի հիշողություներ ու նկարներ. «Այս գիտաժողովին եկել եմ իբրև ուսանող: Հայաաստանի դերը մեծ է. այն առաջամարտիկ է և զարմանալի կարևոր դեր է կատարում շախմատի դասավանդման ոլորտում»,-նշեց Նայգլ Շորթն ու կոչ արեց մեկտեղել ջանքերը:

ՖԻԴԵ-ի փոխնախագահը վստահ է՝ այն, ինչ կիրառվում է Հայաստանում, նույն հաջողությամբ չի կարող կիրառվել այլ երկրներում. պետք է մշակել տարբեր մոդելներ, որում անհրաժեշտ է Հայաստանի լավագույն փորձը:

Գիտաժողովը շարունակվեց մասնակիցների զեկույցներով: Մասնակիցները ներկայացրին շախմատի կրթական ուժն ու արժեքը, անդրադարձան շախմատային կրթությանը Եվրոպական շախմատային միությունում, ինչպես նաև հոգեբանական տեսությունների և պրակտիկայի շրջանակներում շախմատի ուսուցման հետազոտության արդյունքներին:

Օտարերկրյա մասնակիցներն հատկապես ընդգծում են՝ իրենց երկրներում կարևոր է ցույց տալ, որ շախմատը անհրաժեշտ մանկավարժական գործիք է: «Փոփոխվող աշխարհին հարմարվելը ամենակարևոր կարողությունն է 21-րդ դարում, իսկ շախմատը սովորեցնում է արագ հարմարվել և որ ամենակարևորն է` լսել»,-նշեց ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի խորհրդական Լ. Գարսիան և վստահեցրեց, որ շախմատը որպես պարտադիր առարկա ներդնելուն մեծապես կնպաստի հասարակության աջակցությունը: