ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշխատանք՝ սովորելուն զուգահեռ
31.01.2019
Աշխատանք՝ սովորելուն զուգահեռ

Մանկավարժական համալսարանի հեռակա ուսուցմամբ համակարգի ուսանողներն այսօր հյուրընկալել էին Զորամասի հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման գծով տեղակալ, մայոր Արթուր Զիրոյանին և սոցիալ-իրավական հարցերով ավագ սպա, մայոր Սարգիս Սարգսյանին:

Հանդիպումը կազմակերպվել էր բուհի Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի և բուհի Ուսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ:
Ռազմական ոստիկանության պաշտոնյաների հետ ուսանողների հանդիպման նպատակն էր ծանոթացնել համակարգում ծառայության անցնելու պայմաններին, ընձեռած հնարավորություններին, իրավունքներին և պարտականություններին:

Մայոր Սարգիս Սարգսյանն ընդգծեց, որ աշխատանքի բնույթը հիմնականում հասարակական կարգի և անվտանգության պահպանումն է և հավելեց, որ 3 տարով կնքված պայմանագիրը թույլ է տալիս համատեղել ուսումն ու աշխատանքը:

«Պայմանագրային զինծառայության հաճախելու գրաֆիկը ավելի ազատ է՝ 2 շաբաթ աշխատանքային և նույնքան հանգիստ օրերով, իսկ ՀՀ-ում սահմանային պաշտպանության դեպքում՝ հավելավճարի և լրացուցիչ հանգստի տրամադրում»,-նշեց մայոր Սարգսյանն ու ծանոթացրեց նաև համակարգում աշխատելու ընձեռած առավելություններին՝ բժշկական ապահովագրությունից մինչև սոցիալական փաթեթ:

Ուսանողների հետ հանդիպմանը մայոր Արթուր Զիրոյանն էլ անդրադարձավ հերթապահության ընթացքում տրամադրվող անվճար սննդին, տարվա ընթացքում տրամադրվող հավելավճարներին, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունեցողների համար մի շարք առավեություններին ու հնարավորություններին, հարցազրույցը հաջող անցնելու դեպքում նաև սպայի կոչման շնորհում:

Ծառայության պատասխանատուները պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին և վստահեցրին, որ պատրաստ են արդյունավետ համագործակցության, իրենց շարքերը բանիմաց կադրերով համալրելուն: Բուհի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկոտր Արա Երեմյանը շնորհակալություն հայտնեց մայոր Արթուր Զիրոյանին և մայոր Սարգիս Սարգսյանին հյուրընկալվելու համար և ընգծեց, որ շատ կարևոր է հեռակա ուսանողներին ևս պատվավոր աշխատանքում ներգրավելու հնարավորություն ընձեռելը: