ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշխատանքային այց՝ Erasmus+ eCampus միջազգային ծրագրի շրջանակներում
26.04.2025
Աշխատանքային այց՝ Erasmus+ eCampus միջազգային ծրագրի շրջանակներում

Մանկավարժական համալսարանի պատվիրակությունը՝ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի գլխավորությամբ, Erasmus+ eCampus միջազգային ծրագրի շրջանակներում աշխատանքային և ճանաչողական այցելություն ունեցավ Պորտուգալիայի Լիսաբոնի տեխնիկական և Իսպանիայի Մադրիդի ինքնավար համալսարաններ:

Ծրագրում ներառված է 5 հայկական բուհ, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Որակի ապահովման ազգային կենտրոնը։

Հայկական բուհերի աշխատակազմի վերապատրաստման, տեխնիկական վերազինման և մեթոդաբանական խորհրդատվության հիմնական պատասխանատուները չորս եվրոպական բուհեր են՝ Իտալիայից, Պորտուգալիայից, Իսպանիայից և Շվեդիայից։

Ուսումնաճանաչողական այցելության առաջին բուհը Լիսաբոնի տեխնիկական համալսարանն էր (https://tecnico.ulisboa.pt/en/):

Բովանդակային տեսանկյունից արդեն իսկ հստակեցված օրակարգի համաձայն՝ համալսարանի կողմից առաջարկվող աշխատաժողովների և այցելությունների շարքը ներառում էր հանդիպումներ թվայնացման ոլորտում համալսարանական պատասխանատուների, նորարարական լաբորատորիաների ներկայացուցիչների, ինչպես նաև թվայնացման և էլեկտրոնային կրթական հարթակների և համալսարանական համայնքի առցանց գործակցման պատասխանատուների հետ: Բացի այդ, հանդիպումներ եղան զեկուցումների, փորձի փոխանակման համար ներկայացված պրեզենտացիաների, ինչպես նաև հարցուպատասխանի միջոցով անհրաժեշտ մասնագիտական ճշգրտումներ ստանալու նպատակով։

Փորձագետների շնորհիվ մասնակիցներն ուսումնասիրեցին առցանց կրթական հարթակների ձևավորման ուղղությամբ անհրաժեշտ անհատական գիտելիքների, հմտությունների, փորձառության, ինչպես նաև համալսարանական համայնքի առցանց հարթակում արդյունավետ գործելուն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հայկական պատվիրակությունը մասնակցեց նաև Մադրիդի ինքնավար համալսարանի (https://www.uam.es/uam/inicio) Մանկավարժական ֆակուլտետում կազմակերպված երկօրյա խորհրդաժողովին: Հիմնական թեմաներն առնչվում էին ուսուցման բովանդակության թվայնացմանը, էլեկտրոնային կրթական հարթակներին, դրանց համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը։ Հագեցած օրակարգով հանդիպումների ընթացքում քննության առնվեցին նաև նշված տիրույթում կրթական հաստատությունների համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները, աշխատակազմի տարբեր օղակների վերապատրաստումները, տեխնիկական և մեթոդաբանական հարմարեցումները։ Գործընթացները քննարկվեցին հնարավոր իրականացման համար անհրաժեշտ բոլոր փուլերով՝ պլանավորումից մինչև գնահատում և վերանայում։

Հյուրընկալող բուհից հանդես եկան մանկավարժական և մասնագիտական մանկավարժամեթոդական հարցերի, էլեկտրոնային կրթության տեխնիկական և մեթոդաբանական աջակցության, ինչպես նաև բուհի նորարարական նախաձեռնությունների աջակցության համար պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները: Հայկական կողմին հնարավորություն տրվեց այցելել կրթության ոլորտում նորարարական լուծումներ իրականացնելու համար նախատեսված ներհամալսարանական լսարաններ, տաղավարներ, ստորաբաժանումներ՝ ծանոթանալու արդեն իսկ կիրառվող տեխնիկական հարմարեցումներին, լուծումներին և գաղափարներին։

Նշենք, որ այցի արդյունքում քննարկված հարցերի, դրանց վերաբերյալ պորտուգալական և իսպանական բուհերի կողմից առաջարկվող փորձարկված լուծումների հնարավոր ընդհանրացումները ենթադրում են տվյալ ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում կրթության էլեկտրոնային ձևաչափի առնչությամբ անհրաժեշտ ներքին բարեփոխումների իրականացում՝ համալսարանների առցանց ներկայության և գործունեության լավարկման, դրանց արդյունավետության և արդյունարարության նպատակներով։