ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշխատանքային այց՝ KPI4HE ծրագրի շրջանակներում
02.10.2024
Աշխատանքային այց՝ KPI4HE ծրագրի շրջանակներում

Սեպտեմբերի 24-27-ն աշխատանքային այցով Գերմանիայի Օլդենբուրգի համալսարանում էին ՀՊՄՀ-ի ներկայացուցիչները։

Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի գլխավորած պատվիարկությունը բուհում էր Էրազմուս+ KPI4HE («Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում») ծրագրի շրջանակներում։

Պատվիարկության կազմում էին ՀՊՄՀ ռեկտորի խորհրդական Հակոբ Թադևոսյանը, Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Սամվել Ասատրյանը,Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչի պաշտոնակատար Սիրինե Շողերյանն ու ՀՊՄՀ մարքեթոլոգ Ալլա Հարությունյանը:

Այցի նպատակն էր ծանոթանալ Էրազմուս+ KPI4HE ծրագրի ԵՄ գործընկեր համալսարանների՝ Օլդենբուրգի (Գերմանիա), Դրեզդենի (Գերմանիա) և Ջենովայի (Իտալիա) համալսարաններում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի գործունեության առանցքային ցուցանիշների ներդրման գործընթացներին, ինստիտուցիոնալ և ազգային մակարդակներում դրանց կիրառման փորձին:

Հիշեցնենք, որ KPI4HE ծրագրի նպատակն է բարելավել բարձրագույն կրթության համակարգի կառավարումը, համալսարանների ռազմավարական պլանավորումը, որոնք կնպաստեն որակյալ ու ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության զարգացմանը Հայաստանում՝ բարձրագույն կրթության գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) մշակման և ներդրման, ինստիտուցիոնալ հետազոտությունների կառուցակարգերի զարգացման և պլանավորման ծառայությունների գործարկման, ինչպես նաև հաստատությունների հավատարմագրման պետական չափանիշների վերանայման միջոցներով (համաձայն ԳԱՑԱՇ-ի):

Այցի ընթացքում եղան աշխատանքային քննարկումներ, սեմինարեր, որոնց ներկա էին ծրագրի մասնակից համալսարանների և կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Իտալիայից, Գերմանիայից:

Խմբային աշխատանքների ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր թեմաներ, այդ թվում՝ ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի գործունեության առանցքային ցուցանիշների ներդրման, կիրառման, միջազգային հետազոտությունների, համալսարանների սիներգետիկ ռազմավարական պլանի իրականացման պրակտիկան Եվրոպայում։

Բացի այդ, ներկայացվեցին Ռիգայի տեխնիկական համալսարանի միջազգայնացման, Օլդենբուրգի, Դրեզդենի և Ջենովայի համալսարաններում հետազոտությունների վրա հիմնված ռազմավարական պլանավորման փորձը, Իտալիայում բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգը:

Ծրագրի վերջին՝ ամփոփիչ օրը, քննարկումների միջոցով առանձնացվեցին վերապատրաստման հիմնական ձեռքբերումները, նախանշվեցին ծրագրի հետագա գործողությունները:

Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը վստահ է՝ ծրագրի վերջնարդյունքները կնպաստեն ՀՀ-ում բարձրագույն կրթության համակարգի զարգացմանը, համալսարանների միջազգայնացման գործընթացների արդյունավետության բարձրացմանը, կրթության որակի գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի ստեղծմանը։

Նշենք, որ ՀՊՄՀ-ն «Էրազմուս+»-ի նախագծերի առաջատար մասնակից և համակարգող է․բուհը նախորդ տարվանից ներգրավված է 3 նախագծում՝ «KPI4HE», «DESIRE», «T4GREEN»․ վերջինի դեպքում Մանկավարժականը նաև ծրագրի համակարգողն է։