ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշխատանքային այց՝ MODEST ծրագրի շրջանակներում
15.09.2022
Աշխատանքային այց՝ MODEST ծրագրի շրջանակներում

Էրազմուս+ Կարողությունների զարգացման MODEST ծրագրի շրջանակներում Լեհաստանի Կրակով քաղաքի Յագելոնիայի համալսարանում էին ՀՊՄՀ-ի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Սամվել Ասատրյանը, Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը։

Ծրագրի նպատակն է բարձրագույն կրթական համակարգում արդիականացնել դոկտորական կրթությունը, զարգացնել համագործակցային կարողությունները։

Մանկավարժականի պատվիրակությունը մասնակցեց կրթության որակի, կրթական հաստատության կառավարման, էլեկտրոնային հարթակի ստեղծման և կիրառման, ինչպես նաև ծրագրային այլ հարցերի վերաբերյալ անցկացվող դասընթացների։

Կրակովի Յագելոնիայի համալսարանի միջազգային մի շարք ծրագրերի համակարգող Մարեկ Ֆրանկովիչն էլ ներկայացրեց բուհի կառուցվածքը, գործունեության ուղղությունները, հնարավորություններն ու ենթակառուցվածքները։

Աշխատանքային քննարկումները շարունակվեցին բուհի դոկտորական դպրոցի պատասխանատուների, պրոռեկտորների, պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև դոկտորանտների հետ։

Ներկայացվեց ինչպես Յագելոնիայի համալսարանի, այնպես էլ լեհական դոկտորական դպրոցների աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, ընդունելության և ուսումնառության ընթացքը, ավարտական պաշտապանության գործընթացը։

Այցի հաջորդ օրերին ՀՊՄՀ-ի պատվիրակները ծանոթացան Յագելոնիայի համալսարանի մասնավոր բիզնեսի հետ համագործակցության հաջողված մոդելներին, եղան iLab կրթական տարածքում, ծանոթացան վերջինիս գործունեությանը։

Ծրագրի մասնակիցները ծանոթացան նաև դոկտորական հետազոտական ծրագրերի մշակման գործընթացներին, դրանց առանձնահատկություններին, քննարկեցին MODEST ծրագրի հետագա շարունակականության հիմնահարցերը։

Նշենք, որ Յագելոնիայի համալսարանը Եվրոպայի ամենահին համալսարաններից է․ հիմնադրվել է 1364թվականին։ Ներկայումս այն Լեհաստանի ամենամեծ համալսարաններից մեկն է, որտեղ ուսանում է շուրջ 50․000 ուսանող՝ 127 ուղղություններով։