ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշխատանքային այց՝ KPI4HE ծրագրի շրջանակներում
03.04.2025
Աշխատանքային այց՝  KPI4HE ծրագրի շրջանակներում

«Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» (Էրազմուս+ KPI4HE) ծրագրի շրջանակներում մարտի 25-28-ն աշխատանքային երկրորդ այցով Իտալիայի Ջենովայի համալսարանում էր ՀՊՄՀ-ի աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը։

Պատվիարկության կազմում էին ՀՊՄՀ-ի ռեկտորի խորհրդական Հակոբ Թադևոսյանը, Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը, Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Սիրինե Շողերյանը, Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Լուսինե Ղուլղազարյանը, ֆինանսատնտեսական, գնումների համակարգման և մատակարարման կենտրոնի պետ Շուշանիկ Անտոնյանն ու մարքեթոլոգ Ալլա Հարությունյանը:

Այցի նպատակն էր ծանոթանալ Էրազմուս+ KPI4HE ծրագրի ԵՄ գործընկեր համալսարանների՝ Ջենովայի (Իտալիա), Օլդենբուրգի և Դրեզդենի (Գերմանիա) համալսարաններում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության կառավարման և որակի գործունեության առանցքային ցուցանիշներին, բուհերի միջազգայնացմանը, ինստիտուցիոնալ հետազոտությունների և ռազմավարական պլանավորմանը, ազգային KPI նպատակներին դրանց համապատասխանեցման ընթացակարգերին, բարձրագույն կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (HEMIS) ներդրման և կիրառման գործընթացներին:

Աշխատաժողովի ընթացքում անցկացվեցին քննարկումներ, ներկայացումներ, որոնց ներկա էին ծրագրի մասնակից համալսարանների և կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Իտալիայից, Գերմանիայից:

Ջենովայի համալսարան այցի  ընթացքում լրամշակվեց «ՀՀ բարձրագույն կրթության գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակ»-ի հայեցակարգի աշխատանքային տարբերակը, նախագծվեցին ԳԱՑԱՇ ուղղությունները և առանցքային ցուցիչները։ Աշխատաժողովի ընթացքում ՀՀ բարձրագույն կրթության գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի վերաբերյալ ՀՊՄՀ-ի մոտեցումներն ու առաջարկները ներկայացրեց ՀՊՄՀ մարքեթոլոգ Ալլա Հարությունյանը։

Աշխատանքային վերջին օրը գործընկեր կազմակերպությունների պատասխանատուների մասնակցությամբ կազմակերպվեց քննարկում, որի ընթացքում առանձնացվեցին Ջենովայի համալսարանում քառօրյա աշխատաժողովի հիմնական ձեռքբերումները, նախանշվեցին ծրագրի շրջանակներում հետագա անելիքները ու ժամկետները:

ՀՊՄՀ-ի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի համոզմամբ՝ ծրագրի ավարտին ակնկալվող վերջնարդյունքները, մասնավորապես՝ բարձրագույն կրթության որակի գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակը,  ուղղակիորեն կնպաստի ՀՀ-ում բարձրագույն կրթության համակարգի, համալսարանների հավատարմագրման, միջազգայնացման գործընթացների արդյունավետության բարձրացմանը, կապահովի յուրաքանչյուր բուհի զարգացման և ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման գործընթացներում իր առանձնահատկությունների հաշվառումը։

Նշենք, որ այցի շրջանակներում ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Ջենովայի համալսարանի հետազոտական աշխատանքների և Միջազգայնացման գծով պրոռեկտորներ Լաուրա Գաջերոյի և Ռենատա Պաոլա Դամերիի հետ։